ԼրահոսՏեսանյութեր

Դիպված, որը փոխեց լավագույնի կոչմանն արժանացած փրկարար-հրշեջի կյանքը

մայիսի 08 • 12:39, 2025

Թվացյալ անհաջողությունները կարող են նաև դրական փոփոխություններ բերել մեր կյանք, իսկ երբեմնի փակված դռները` նոր հորիզոններ նվաճելու հնարավորություն ստեղծել: Տասը տարի առաջ հենց այդպիսի մի  փակված դուռ էլ կանխորոշեց Միքայել Պողոսյանի ճանապարհը դեպի Փրկարար ծառայություն: «Մեր տան դուռը փակվել էր. այն երկաթյա էր, չկարողացանք բացել:

Զանգեցինք 911: Փրկարարները շատ արագ արձագանքեցին.  բացեցին դուռը։ Հենց  այդ ժամանակվանից  էլ որոշեցի փրկարար դառնալ»,-ասում է Միքայել Պողոսյանը:

Թողնելով պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան՝ նա միացավ Փրկարար ծառայության մեծ ընտանիքին։ Վստահեցնում է՝ ոչ մի վայրկյան չի փոշմանել այդ քայլի համար. դա իր կայացրած ամենաճիշտ որոշումն էր:

Գյումրիի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի ավագ հրշեջն ասում է՝ փրկարարն, իհարկե, պետք է և՛ հոգեբանորեն,  և՛ մասնագիտական գիտելիքներով, և՛ ֆիզիկապես պատրաստ լինի դժվարություններին, բայց ամենակարևորը մարդկանց օգնելու ցանկությունն ու պատրաստակամությունն է. «Փրկարարը պետք է ունենա հենց այդ մարդասիրության զգացումը. մարդկանց օգնելու ցանկությունը շատ մեծ պետք է լինի»:

Միքայել Պողոսյանի խոսքով՝ տասը տարիների փորձն ու գիտելիքները սովորեցրել են հանդուրժող լինել, չընկրկել դժվարությունների առաջ։ 

Երիտասարդ փրկարար-հրշեջը այս տարիների ընթացքում բազմաթիվ կանչերի է մեկնել, բայց առանձնացնում է հատկապես այս մեկը, երբ Բուլվարային թաղամասի շենքերից մեկի 9-րդ հարկի բնակարանում հրդեհ էր բռնկվել, իսկ ներսում 8 մարդ կար, որոնցից 7-ը՝ երեխաներ: Արագ արձագանքել են ու անվտանգ դուրս բերել բոլորին: 

Յուրաքանչյուր փրկված կյանք, յուրաքանչյուր անկորուստ կանչ իր անձնական հաղթանակն է համարում ավագ սերժանտը։ Թերևս ծառայության նկատմամբ նման պատասխանատու մոտեցումն են գնահատել Փրկարար ծառայությունում և Միքայել Պողոսյանին ներկայացրել 2024 թվականի լավագույն փրկարար-հրշեջի կոչմանը։

Միքայել Պողոսյանը թեև իր նպատակների ու երազանքների մասին բարձրաձայնել չի սիրում, բայց վստահ է՝ այս հաջողությամբ չի սահմանափակվելու։ Միայն մեկ ցանկություն ունի՝ դեպք-պատահարներ հնարավորինս քիչ լինեն, մարդիկ ապահով ու անվտանգ ապրեն։