ԼրահոսՏեսանյութեր

Փրկարար լինելու համար պետք է օժտված լինել մարդկային բարձր հատկանիշներով. տարվա լավագույն փրկարար

մարտի 28 • 12:09, 2025

Փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի լեռնափրկարար-դեսանտ Սամվել Կոլյանն է։ Փրկարարի մասնագիտական ուղին ընտրած և երկար տարիներ ծառայությունը բարեխիղճ իրականացնող փրկարարը՝ 2024թ․ լավագո՛ւյն փրկարարը։ Իրականում պատահականություններ չեն լինում. փրկարար լինելը Սամվել Կոլյանի առաքելությունն է:

«Տասներկու  տարի է՝ ծառայում եմ համակարգում: Շատ պատահական է եղել համակարգ ընդունվելս, չեմ էլ իմացել՝ ուր եմ գալիս, բայց հետո սիրեցի իմ աշխատանքը, իմ ծառայությունը»,-ասում է Սամվել Կոլյանը։

Սամվել Կոլյանը նշում է՝ շատ բան է տեսել լեռներում, շատ գագաթներ է բարձրացել: Դեպքերը տարբեր են, բայց կյանք փրկելու զգացողությունն ամեն անգամ նույնն է՝ անբացատրելի հպարտություն։ Մեր այն հարցին, թե քանի կյանք է փրկել, ասում է՝ դժվար հարց է, փրկված կյանքերը շատ են։

Սամվել Կոլյանի ծառայողական բնութագիրը դրական է. նախորդ տարվա ընթացքում մեկնել է ավելի քան 200 ահազանգով։ Իրեն լավագույնս դրսևորել է մասնավորապես Լոռիում և Տավուշում տեղի ունեցած հեղեղումների ժամանակ։

«Լինելով վատառողջ ու գտնվելով արձակուրդում՝ Սամվել Կոլյանն ինքնակամ եկել էր Ալավերդի և ջրհեղեղի ժամանակ քաղաքացիների հետ մեծ աշխատանք կատարել։ Մենք մյուս ջոկատով Տավուշի մարզում էինք, նա իր ջոկատով՝ Ալավերդիում»,-ներկայացնում է Փրկարար ուժերի վարչության ՀՆՓԱԻԿ պետի տեղակալ Վահե Գևորգյանը:

Սամվել Կոլյանը ծառայակից ընկերների հետ երկար ճանապարհ է անցել. միասին դասընթացների և փրկարարական աշխատանքների են մասնակցել նաև Հայաստանից դուրս։ Ժամանակի ընթացքում էլ գործընկերությունը վերածվել է ընկերության։

Գործընկերոջ՝ Վարդան Վարդանյանի խոսքով՝  «Սամվելը հրաշալի մարդ է, սրտացավ գործընկեր, նաև իր գործի գիտակ փրկարար է։ Տասնմեկ տարի է՝ իրար հետ աշխատում ենք, գնում կանչերի: Երբ Սամվելի հետ ես, կանչերի գնալիս ավելի վստահ ես լինում»։

Ծառայության ընթացքում Սամվել Կոլյանը սպասարկել է տարբեր բնույթի կանչեր՝ ջրհեղեղ, ավտովթարներ, փլուզումներ։ Նաև իրականացրել է տեսական և գործնական պարապմունքներ. թերևս ամենաշատը սիրում է պարանային վայրէջքները։

Նախորդ տարվա լավագույն փրկարարը մեկ կարևոր հատկանիշ է առանձնացնում լավ փրկարար լինելու համար՝ նախևառաջ պետք է լա՛վ մարդ լինես՝ օժտված բարձր արժեքներով։ 

Լավագույն փրկարարի կոչմանն արժանանալը Սամվել Կոլյանի համար, ինչ խոսք, հպարտություն է, սակայն ծառայության բնույթը չի փոխվել. ինչպես երեկ, այսօր, այնպես էլ վաղը շարունակելու է կյանքեր փրկել։