ԼրահոսՏեսանյութեր

Վարարած Դեբեդին հաղթողները. Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատը տարվա լավագույն ստորաբաժանում

հունիսի 19 • 13:39, 2025

Աղետալի ջրհեղեղից մեկ տարի է անցել. 2024 թվականի մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը Դեբեդն անհանգիստ էր: Ճիշտ է լոռեցիների համար Դեբեդի վարարումները նորություն չէին, բայց նման ջրհեղեղ չէին տեսել:

Վահագն Սիմոնյանը, ով արդեն քառորդ դար Փրկարար ծառայությունում է, նման մեծության արհավիրք չի հիշում:

Փորձառու փրկարարը, որ այս տարիների ընթացքում հազար ու մի դեպքի ականատես է եղել, պատմում է, որ անհավատալի  էր, թե գետը կարող էր այդքան բարձրանալ ու հասնել մարդկանց տներին:

Աղետի առաջին իսկ վայրկյաններից Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատը մի բռունցք դարձավ` լծվելով համերկրացիներին օգնելու մարդասիրական առաքելությանը։ 

Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Արմեն Բարսեղյանն ասում է, որ ջոկատը հանրապետության բոլոր մարզերից միացած հրշեջ փրկարարական ջոկատների հետ օրուգիշեր հերթապահություն իրականացրեց` պատվով կատարելով իրենց առջև դրված բարդ խնդիրը։

«Առաջնային խնդիրը մարդկանց փրկելն էր, արգելափակված տարածքներից հանելն ու անվտանգ վայր տեղափոխելը»,-ասում է Արմեն Բարսեղյանը և ընդգծում, որ մարդիկ անսպասելի հայտնվել էին ջրի ճիրաններում, իսկ նման իրավիճակներում փրկարարը սխալվելու իրավունք պարզապես չունի:

Փրկարար ծառայությունն իր առջև դրված դժվար ու պատասխանատու խնդիրը պատվով կատարեց: Եվ փրկարարների նվիրված ու սրտացավ ծառայությունն անպատասխան չմնաց:

Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատը ճանաչվեց 2024 թվականի լավագույն ստորաբաժանում:

Աղետի հետևանքները զգալիորեն վերացել են, Լոռիում կյանքն ընթանում է բնականոն հունով, իսկ տարվա լավագույն ստորաբաժանման փրկարարները  շարունակում են աչալրջորեն իրականացնել բարեխիղճ ծառայություն` չթուլացնելով զգոնությունը: