Պաշտոնական լուրերՄիջազգային համագործակցություն
սեպտեմբերի 17 • 14:19, 2024

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանն ընդունել է էստոնացի փորձագետ Լաուրի Տաբուրին

Սեպտեմբերի 13-ին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանն ընդունել է էստոնացի փորձագետ Լաուրի Տաբուրին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նոր ձևավորվող ՆԳՆ ուսումնական հաստատության կրթության բովանդակային վերափոխմանը, կրթության որակի բարձրացմանը, ինչպես նաև վերապատրաստումների անցկացմանն ուղղված մի շարք հարցեր:

Փորձագետ Լ. Տաբուրին ներկայացրել է իրենց երկրում գործող կրթության մոդելը, շեշտել է, որ Ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերամիավորման արդյունքում նախատեսվում է ունենալ մեկ ուսումնական հաստատություն, որը թույլ կտա մեկ կետից արդյունավետ կառավարել կրթական գործընթացը:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ՆԳՆ կրթահամալիրի կառուցվածքի և անձնակազմի համալրման աշխատանքները։

Իր հերթին Տ.Պետրոսյանը հույս է հայտնել, որ նախատեսվող բարեփոխումները կրթության գործընթացները կտեղափոխեն որակական նոր փուլ, ինչի արդյունքում կրթահամալիրը կհանդիսանա յուրօրինակ մի դարբնոց, որի արդեն իսկ բանիմաց շրջանավարտները կհամալրեն Փրկարար ծառայության շարքերը։

Հանդիպման ավարտին Տնօրենի տեղակալը շնորհակալություն է հայտնել Լ. Տաբուրին փաթեթի մշակման հարցում նշանակալի աջակցության ցուցաբերման համար: