Լրահոս
դեկտեմբերի 19 • 11:57, 2024

Քաղաքացիական պաշտպանության հարցերին առնչվող սեմինար-քննարկում ՆԳՆ փրկարար ծառայությունում

Դեկտեմբերի 17-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել քաղաքացիական պաշտպանության հարցերով սեմինար-քննարկում, որին մասնակցել են ՓԾ ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ՀՀ պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների քաղաքացիական պաշտպանության հարցերով պատասխանատուներ։  

Միջոցառման նպատակն էր քաղաքացիական պաշտպանության բնագավառում փոխհամագործակցության ամրապնդումը և պատրաստվածության ապահովումը։

Բացման խոսքով հանդես է եկել ՆԳՆ ՓԾ ՔՊ վարչության պետի տեղակալ Էդգար Վաղարշակյանը, ով կարևորել է նման ձևաչափով աշխատանքային սեմինար-քննարկումը՝ անդրադարձ կատարելով քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանը, որպես պետության կարևոր գործառույթ և ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչ:

«Պետության անվտանգության ոլորտում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր և միջոցառումներ, կատարվում են հայեցակարգային փոփոխություններ, միևնույն ժամանակ ՔՊ ոլորտում միշտ կան անելիքներ: Մասնավորապես կարևորվում են ՔՊ ուժերի ստեղծումը, դրանց տեխնիկական վերազինումն ու նախապատրաստումը, նյութատեխնիկական հիմքի ամրապնդումն ու քաղաքացիական պաշտպանության ուժերի և միջոցների պատրաստության բարձր մակարդակի պահպանումը՝ մարդկանց կյանքի և առողջության, նյութական և մշակութային արժեքների պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով»,-իր խոսքում նշել է ՔՊ վարչության պետի տեղակալը։

Օրակարգային հարցերի շուրջ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել պետական կառավարման մարմիններում հակահրդեհային կանխարգելիչ և հրդեհի դեպքում անհրաժեշտ միջոցառումների իրականացման, քաղաքացիական պաշտպանական տեսանկյունից կենսաբանական անվտանգության, քիմիական և ճառագայթային ռիսկերի, առաջին հոգեբանական օգնության և աղետների ժամանակ առաջին օգնության հարցերին։ Կարևորվել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի կառավարման մարմինների համար կազմակերպվող վերապատրաստումները, որոնք կրելու են շարունակական բնույթ:

Հանդիպման ավարտին համաձայնություն է ձեռք բերվել շարունակել սերտ համագործակցությունը՝ քաղաքացիների անվտանգության ապահովման, պատշաճ հսկողության իրականացման, բնակչության պատրաստվածության բարձրացման, հանրային իրազեկման և անհրաժեշտության դեպքում տուժած բնակչությանն օգնության ցուցաբերման ուղղությամբ։