ԼրահոսՏեսանյութեր
սեպտեմբերի 19 • 11:13, 2024

Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն Կոտայքի մարզում

Սեպտեմբերի 17-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից «Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում կազմակերպվել և անց է կացվել «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը դպրոցում առաջացած հրդեհի դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: 

Ուսումնավարժության նպատակն էր՝

  • կատարելագործել ուսումնավարժության մասնակիցների գործնական հմտություններն ու ունակություններն հրդեհի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների վերաբերյալ որոշումների ընդունման, ինչպես նաև փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում,
  • ամրապնդվել է ուսումնական հաստատության և ներգրավված ուժերի միջև փոխհամագործակցությունը:

Ուսումնավարժությանը ներգրավված էին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնի ծառայողները, պարեկային ծառայության Հրազդան քաղաքի կարգախումբը, Հրազդանի բժշկական կենտրոնի «1-03» ծառայության աշխատակիցները,  թիվ 11 հիմնական դպրոցի անձնակազմը:

Ուսումնավարժությունն արդյունավետ անցկացնելու նպատակով նախապես մշակվել էին ուսումնավարժության անցկացման փաստաթղթերը, մասնակցող ծառայությունների հետ անցկացվել էին խորհրդակցություններ, ինչպես նաև Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի հետ անցկացվել էին գործնական պարապմունքներ:

Մինչև մարտական հաշվարկների ժամանումը՝ դպրոցի տնօրենի գլխավորությամբ, ուսուցչական և սպասարկող անձնակազմը կազմակերպել և իրականացրել է աշակերտների և անհրաժեշտ գույքի տարհանում, որից հետո իրականացվել է տարհանվածների հաշվառում: Դպրոցում ստեղծված համապատասխան խմբերը աջակցություն են ցուցաբերել տարհանման աշխատանքներում: 

Առաջին և երկրորդ հարկերում գտնվող պայմանական վնասվածքներ ստացած աշակերտներին հրշեջ-փրկարարները ցուցաբերել են առաջին օգնություն, փրկարարական պարանների և պատգարակի միջոցով դուրս բերել շենքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների և պարեկային ծառայության կարգախմբի կողմից իրականացվել են հասարակական կարգի պահպանություն:

Ուսումնավարժության ավարտին Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալի կողմից ամփոփվեցին արդյունքները, նշվեցին ի հայտ եկած թերություներն ու բացթողումները, տրվեցին համապատասխան կարգադրություններ և հանձնարարականներ: 

Ուսումնավարժությունը գնահատվեց դրական․ արձանագրվեց, որ ուսումնավարժության մասնակիցները պատրաստ են ճիշտ և ժամանակին կատարել իրենց առջև դրված խնդիրները: