Կինոլոգիական հաշվարկների հերթական վերապատրաստման դասընթացը՝ ուղղված որոնողափրկարարական կարողությունների ամրապնդմանը և փորձի փոխանակմանը
մայիսի 27 • 09:43, 2025
Որոնողափրկարարական գործողություններում կինոլոգիական հաշվարկների պատրաստվածության բարձր մակարդակը չափազանց կարևոր է ինչպես տեխնածին, այնպես էլ բնական աղետների հետևանքների վերացման գործընթացում: Այդ համատեքստում Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը, հավատարիմ լինելով մասնագիտական կարողությունների կատարելագործմանն ուղղված իր ռազմավարությանը, արդեն չորրորդ տարին անընդմեջ ապրիլի 28-ից մայիսի 24-ը կազմակերպել և անց է կացրել «Կինոլոգիական հաշվարկների պատրաստում» խորագրով մասնագիտական վերապատրաստման դասընթաց՝ շարունակելով տարիների փորձով ձևավորված մասնագիտական կրթության և փորձի փոխանակման ավանդույթը և նպատակ ունենալով ամրապնդել կինոլոգիական հաշվարկների պատրաստվածության մակարդակը։
Դասընթացն իրականացվել է նախնական գնահատման փուլով, որի շրջանակներում մասնագետները վերլուծել են նախորդ տարում իրականացված ուսումնավարժանքների արդյունքում մարտական հաշվարկների կողմից գրանցված առաջընթացը։
Դասընթացի հիմնական բաղադրիչն է «Տուժածների որոնողափրկարարական աշխատանքները տեխնածին փլատակների դեպքում» թեմայի ուսուցումը։ Այս տարվա ուսումնական ծրագրում ընդգրկվել են մի շարք նոր ուղղություններ՝ համապատասխան ժամանակակից մարտահրավերներին։ Մասնավորապես, առանձին ուշադրություն է հատկացվել փլատակներում իրականացվող որոնողափրկարարական գործողությունների կազմակերպման և իրականացման մեթոդաբանությանը։ Նորամուծություններից է նաև «Դիակների որոնողական աշխատանքների առանձնահատկությունները» թեմայի ընդգրկումը, որը մեծ պահանջարկ ունի կինոլոգիական ոլորտի մասնագետների շրջանում։ Բացի այդ, այս տարվանից ուսումնական գործընթացում ներառվել է նաև «Ջրահեղձվածների որոնողական աշխատանքներ» թեման՝ հաշվի առնելով ջրային միջավայրում փրկարարական գործողությունների կարևորությունը։
Բարձր պատրաստվածություն ունեցող հրահանգչական անձնակազմը աշխատում է ոլորտի առանձին ուղղություններով՝ կիրառելով ինչպես միջազգային առաջադեմ փորձ, այնպես էլ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից մշակված և արտակարգ իրավիճակներում բազմիցս փորձարկված մեխանիզմները։ Ուսուցման ողջ ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում նաև որոնողական շների մոտիվացիայի պահպանմանն ու ամրապնդմանը, ինչն առանցքային նշանակություն ունի որոնողափրկարարական արդյունքների ճշգրտության և տուժածների հնարավոր փրկության տեսանկյունից։
Ամփոփելով՝ հարկ է նշել, որ պատրաստվածության մակարդակը զգալիորեն բարձրացել է, ինչը լավագույնս վկայում է նմանատիպ մասնագիտացված վերապատրաստումների արդյունավետության մասին։
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը շարունակելու է իր հետևողական աշխատանքը՝ ուղղված կինոլոգիական ծառայությունների կարողությունների ամրապնդմանը և որոնողափրկարարական գործընթացների կատարելագործմանը։ Նմանատիպ դասընթացները նոր որակ և վստահություն կհաղորդեն մասնակիցներին՝ հանդիսանալով կարևոր քայլ տուժածների փրկության գործընթացում ժամանակակից և համակարգված մոտեցումների ներդրման համար։