Պատահարներ
հունվարի 30 • 07:23, 2026

Երևան քաղաքի Շերամի փողոցում բռնկված հրդեհը մարվել է (թարմացված)

Հունվարի 29-ին, Երևան քաղաքի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասի պահեստում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 30-ին ժամը 11։04-ին։

Այրվել են մոտ 2500 քմ պահեստային հատվածը՝ գույքով, անձեռոցիկի արտադրության հումք և տնտեսական իրեր։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը պահեստի մոտ 1500 քմ հատված։

Հիշեցնենք որ, նշված հասցեում բռնկված հրդեհը մարելու նպատակով հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրդեհի բարդությունից ելնելով՝ տեղում հայտարարվել է «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս ինը մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։10-ին։