Ուժեղ երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում. ՆԳՆ ՓԾ Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմը Տավուշի մարզում անցկացրել է դաշտային վարժանք
հոկտեմբեր 20 2026
Հոկտեմբերի 13-15-ը Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմը Իջևանում անցկացրել է ԻՆՍԱՐԱԳ-ի պահանջներին համապատասխան «Ուժեղ երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով 32-ժամյա դաշտային վարժանք:
Ըստ սցենարի՝ առավոտյան Ազատամուտ գյուղից 2 կմ դեպի հյուսիս-արևելք հատվածում 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվում էր 10 կմ խորության վրա:
Վարժանքի ընթացքում հրշեջ-փրկարարական ջոկատներն աղետի գոտում օպերատիվ արձագանքել են տարբեր իրավիճակների` իրականացնելով թունելում արգելափակված անձանց որոնողական աշխատանքներ, տուժածի անխափան տարհանում և առաջին բուժօգնության ցուցաբերում:
«Վարժանքի նպատակն է ստուգել Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմի շտաբի ծավալման, փրկարարական աշխատանքների կատարման առանձնահատկությունները և ունակությունները»- նշում է ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ բնակչության պաշտպանության բաժնի հրահանգիչ Նարեկ Սաֆարյանը։
Ստանալով տագնապի ազդանշան Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմը իրականացրել է օպերատիվ արձագանքման միջոցառումներ։ Սահմանվել են աշխատանքային տեղամասերը, ապա թիմը անցել է որոնողափրկարարական գործողությունների և դեմոբիլիզալիայի իրականացմանը:
Թիմային աշխատանքի, փոխգործակցության, հրամանների օպերատիվ փոխանցման և համատեղ խնդիրների լուծման շնորհիվ վարժանքին ներգրավված հրշեջ-փրկարարները հաջողությամբ իրականացրել են իրենց առջև դրված խնդիրը։
Նմանօրինակ վարժանքները նպաստում են հրշեջ-փրկարարների գիտելիքների ամրապնդմանն ու կարողությունների շարունակական զարգացմանը։