«Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում «INSARAG» չափորոշիչներով»․ վերապատրաստման դասընթաց
մայիսի 02 • 07:13, 2025
Արտակարգ իրավիճակների ժամանակ արագ արձագանքման արդյունավետության բարձրացման և փրկարարական գործողությունների կազմակերպման ունակությունների կատարելագործման նպատակով ՀՀ Ներքին գործերի նախարարության Կրթահամալիրը պարբերաբար կազմակերպում և անցկացնում է մասնագիտացված վերապատրաստման դասընթացներ։
Ապրիլի 21-23-ը կազմակերպվել է «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում «INSARAG» չափորոշիչներով» հերթական վերապատրաստման դասընթացը, որի նպատակն էր զարգացնել փրկարարական ծառայողների հմտությունները՝ բարձրության վրա աշխատանքներ իրականացնելու բնագավառում, և ամրապնդել միջազգային չափորոշիչներին համապատասխան փրկարարական գործընթացներ։
Դասընթացին մասնակցել են Հայաստանի մարզերի փրկարարական ծառայողներ, մասնավորապես՝ հրշեջ-փրկարարներ, խմբի պետեր, օղակի հրամանատարներ։
Ինտերակտիվ քննարկումների, տեսական և գործնական փուլերի միջոցով մասնակիցները ծանոթացել են «INSARAG» չափորոշիչներին, քաղաքային որոնողափրկարարական թիմին ներկայացվող հիմնական պահանջներին և պարտավորություններին, պարանային հանգույցների տեսակներին և նշանակությանը, օգտագործվող գույքի և միջոցների կիրառման ցուցումներին։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել վերելքի և վայրէջքի իրականացմանը, մասնավորապես՝ դրանք կատարելիս խմբային և անհատական անվտանգության ապահովմանը, ալպինիստական գույքի և միջոցների օգնությամբ տուժածների անկյունագծային և ուղղահայաց ձևերով տեղափոխմանը։
Դասընթացները մասնակիցներին հնարավորություն ընձեռնեցին զարգացնելու տարբեր իրավիճակներում արագ և ճիշտ որոշումներ կայացնելու հմտությունները։ Բացի այդ, մասնակիցները հնարավորություն են ունեցել տեղում կիրառելու ստացած տեսական գիտելիքները՝ փորձարկելով հատուկ սարքավորումներ։
Վերապատրաստման դասընթացը կարևոր քայլ էր փրկարարական թիմերի մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացման առումով։ Այն էապես նպաստել է նրանց՝ բարձրահարկ շինություններում արդյունավետ և անվտանգ փրկարարական գործողություններ իրականացնելու կարողությունների զարգացմանը։