ԼրահոսՏեսանյութեր

Վերապատրաստման երկօրյա դասընթաց միջազգային չափորոշիչներին համապատասխան

փետրվարի 24 • 05:57, 2025

Փետրվարի 17-ից 18-ը Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի հրամանով «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի Փրկարարական ֆակուլտետում կազմակերպվել և անց է կացվել «ՄՓՎ ՔՈՓ թիմերի ղեկավար կազմի վերապատրաստում» թեմայով INSARAG չափորոշիչներին համապատասխան վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի և Արարատի մարզային փրկարարական վարչություններից թվով 14 փրկարարական ծառայող:

Դասընթացի նպատակն էր փրկարարների պատրաստականության բարձրացումը, միջազգային չափանիշներին համապատասխան թիմերի գործառույթների, կառավարման համակարգի մասին գիտելիքների ու հմտությունների զարգացումը, ինչպես նաև դրանց կիրառումը աղետների ընթացքում առավել արդյունավետ արձագանքման կազմակերպման համար: 

Փրկարարներին ներկայացվել են INSARAG ՔՈՓ թիմերին ներկայացվող հիմնական պահանջները, առաքելությունները և պարտավորությունները, տուժած տարածքում հետախուզության անցկացման, աշխատանքային տեղամասերի բաժանման, թիմերի արձագանքման փուլերի և դրանց ընթացքում իրականացվող գործողությունների վերաբերյալ հիմնահարցերը։ 

Ուսումնասիրվել են նաև INSARAG ՔՈՓ թիմերի ղեկավար կազմի հիմնական գործառույթները և ղեկավարման գործընթացների համար անհրաժեշտ փաստաթղթերը և դրանց շրջանառության համակարգումը, կոորդինացման և կառավարման համակարգը, ինչպես նաև վարժանքների նախապատրաստական աշխատանքներում բուժապահովման պլանավորումն ու կազմակերպումը։

Փրկարարներն ակտիվ մասնակցություն են ունեցել դասընթացին, իսկ դասընթացավարները մեծ պատրաստակամությամբ ներկայացրել են բոլոր թեմաները և պատասխանել մասնակիցներին հետաքրքրող հարցերին։ 

Ձեռք բերած գիտելիքներն ու փորձը մասնակիցները կկարողանան հետագայում կիրառել իրենց աշխատանքում՝ ի նպաստ դրական արդյունքի: 

Վերապատրաստման դասընթացի ավարտին մասնակիցներին տրամադրվել են լսարանային գործնական առաջադրանքներ, որոնց միջոցով ստուգվել են նրանց ձեռք բերած գիտելիքները և հմտությունները։ 

Կարևորելով մասնակիցների ցուցաբերած պատրաստվածությունը, որպես ամփոփում, նրանց հանձնվել են հավաստագրեր։