ԼրահոսՏեսանյութեր

ՀՆՓԱԻԿ-ի  փրկարարների  երազանքը մեկն է՝ աղետներն ու դժբախտ պատահարները հասնեն նվազագույնի

հուլիսի 30 • 07:40, 2025

Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի՝ միջազգային որակավորում ունեցող փրկարարները երեք տասնամյակ է՝ առանձնահատուկ բարդության փրկարարական աշխատանքներ են իրականացնում Հայաստանում և երկրի սահմաններից դուրս։ 

Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը ստեղծվել է Հատուկ փրկարարական ջոկատի հիմքի վրա. նախկինում կոչվում էր Արագ արձագանքման փրկարարական ջոկատ։ Առաջին պետական փրկարարական կազմավորումը ստեղծվել է 1997 թվականի սեպտեմբերի 4-ին։ Ջոկատի կազմավորման օրն էլ նշվում է որպես Փրկարարի օր։

Կենտրոնն ունի 7 ջոկատ, որոնցից 4-ը փրկարարական ջոկատներ են, մեկը՝ կինոլոգիական, մեկը՝ ջրասուզական, իսկ մեկն էլ մասնագիտացված մոտոցիկլետավարների օղակ է։  

Կենտրոնն ունի տարբեր մասնագիտությունների 94 փրկարար՝ հետախույզ-կինոլոգներ, լեռնափրկարար-դեսանտներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքերի հրահանգիչներ, մոտոցիկլավարներ, ընդհանուր պրոֆիլի փրկարարներ։

ՀՆՓԱԻԿ-ը ՄԱԿ-ի Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի անդամ է։ ՀՆՓԱԻԿ պետ Հայկ Նաղդալյանի խոսքով՝ «Կենտրոնն Ինսարագ թիմի անդամ է դարձել 2015 թվականին, ինչը մեծ ձեռքբերում է Փրկարար ծառայության համար. մենք ոչ միայն Հայաստանի տարածքում կարող ենք փրկարարական աշխատանքներ կատարել, այլև որակավորված ենք այլ երկրներում տեղի ունեցած աղետներին արձագանքել»։

ՀՆՓԱԻԿ-ը  բարձր պատրաստականության ստորաբաժանում է՝ համալրված հատուկ փրկարարական գույքով, սարքավորումներով, մեխանիզմներով:

Կենտրոնն ունի միջազգային չափորոշիչներին համապատասխան պահեստ, որտեղ կան համապատասխան գույներով դասակարգված՝ անհրաժեշտ պարագաներով արկղեր, որոնցում կա նաև մշտապես թարմացվող սնունդ: Այլ կերպ ասած՝ փրկարարներն ամեն պահի պատրաստ են մեկնել աշխարհի ցանկացած կետ՝ օգնություն ցուցաբերելու։ Սիրիա, Իրան, Թուրքիա, Վրաստան, Ռուսաստանի Դաշնություն… Բոլոր դեպքերում ՀՆՓԱԻԿ-ի փրկարարներն արձագանքել են արագ՝ աղետի գոտիներում իրականացնելով ջրափրկարարական, լեռնափրկարարական, որոնողափրկարարական, վթարավերականգնողական աշխատանքներ։

Կենտրոնի մասնագիտացված ստորաբաժանումների ծառայողները վարժանքների և տարաբնույթ պարապմունքների միջոցով մշտապես կատարելագործում են իրենց մասնագիտական ունակությունները։ 

Ինչպես ասում են՝  նրանք փրկում են ամենուր՝ օդում, ջրում, ցամաքում։  

Անօդաչու թռչող սարքավորումների մասնագիտացված խումբն իրականացնում է ինչպես իրազեկման, այնպես էլ փրկարարական աշխատանքներ:

«Դրոնները նախատեսված են որոնողափրկարարական և հետախուզության համար՝ մարդ որոնելու, ինչպես նաև խոշոր հրդեհների ժամանակ հետախուզություն անելու՝ հրդեհի չափը, տարածման ուղղությունները ճշտելու համար, որպեսզի ավելի օպերատիվ, ավելի ճիշտ կազմակերպվեն հրդեհաշիջումը և որոնողափրկարարական աշխատանքները»,-ասում է ՀՆՓԱԻԿ խմբի ավագ հրահանգիչ Ռուբիկ Մարգարյանը։ 

Ոչ մի կանչ մյուսին նման չէ. ամեն մի կանչ մի պատմություն է՝ փրկված կյանքեր, օգնության ձեռք մեկնելու հնարավորություն…

Ներկայացնում է հետախույզ կինոլոգիական ջոկատի հրամանատար էդգար Գալոյանը. «Ջոկատի հաշվարկում ունենք 10 փրկարար շուն. 6-ը փլատակներում մարդկանց է որոնում, 3-ը՝ զոհվածների մարմինները, իսկ 1-ը զենք-զինամթերք, պայթուցիկներ որոնելու համար է»։

Ջրասուզական ջոկատի հրամանատարն ասում է, որ ջրասուզակի աշխատանքը բարդ է, բայց նաև՝ հետաքրքիր. այն հմտություններ է պահանջում: Ասում է նաև, որ ջրից վախենալ պետք չէ, բայց զգուշությունը կօգնի կյանքեր փրկել։

Լեռնափրկարար դեսանտ Սամվել Կոլյանի խոսքով՝ փրկարար լինելը կենսակերպ է, իսկ ամեն հաղթահարած լեռը, փրկված կյանքը ավելի ուժեղ են դարձնում։

ՀՆՓԱԻԿ-ի փրկարարների երազանքը մեկն է՝ աղետներն ու դժբախտ պատահարները հասնեն նվազագույնի, իսկ իրենք գիտելիքներն ու հմտությունները դրսևորեն միայն վարժանքների և դասընթացների ժամանակ:

Այդուհանդերձ, եթե հնչեց ահազանգը, իմացեք, որ նրանք կգան: