Փրկարար լինելը` բնավորություն և կենսաձև. Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի 1-ին հերթափոխը 2024 թվականի լավագույնն է
հուլիսի 08 • 07:15, 2025
Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի 1-ին հերթափոխը ծառայությունն աշխատանք չի համարում, այլ մարդասիրական առաքելություն, որտեղ կարևոր է նաև ապրումակցելը: Ասում են` փրկարար լինելը բնավորություն է ու կենսաձև։
Նրանք այս սկզբունքով առաջնորդվեցին նաև 2024 թվականի մայիսի 26-ին, երբ Աղստև գետը վարարեց ու հասավ բնակավայրերին։ Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի 1-ին հերթափոխի պետ Արշակ Մելիքջանյանն այդ օրերն այսպես է հիշում. «Մի քանի օր անդադար անձրև էր տեղում: Առավոտ շուտ ահազանգ ստացվեց մի քանի ուղղությամբ։ Մի քանի խմբով մեկնեցինք դեպքի վայր։ Մի տարեց մարդ ասաց, որ կինը մնացել է տան ներսում։ Պատուհանով մտել, բարձրացել ենք 2-րդ հարկ ու այդ կնոջն իջացրել ենք. արդեն ջուրը մի մետրից ավելի տան մեջով գնում էր։ Հարևանությամբ մի տուն էլ կար, բնակիչները դուրս էին եկել, բայց գույքը լրիվ մնացել էր տան մեջ: Գույքը հանեցինք, իսկ մի քանի րոպե հետո տունն ամբողջովին գետը տարավ»:
Կորյուն Փիրումյանն ասում է, որ ջոկատը 2024 թվականին ծանրաբեռնված է իրականացրել ծառայությունը` արձագանքելով շուրջ 590 կանչի՝ այդ թվում դիմագրավելով Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած ջրհեղեղին: Մատնանշում է հատկապես 1-ին հերթափոխի հրշեջ-փրկարարների ծառայությունը. «Օգնություն է ցուցաբերվել արգելքի տակ մնացած քաղաքացիներին, խցանված ճանապարհներն են ազատվել տիղմից և ծառերի մնացորդներից, կատարվել են ջրահեռացումներ»:
Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատում անկեղծ, անմիջական հարաբերություններ են, ինչն էլ ծառայությունը բարեհաջող իրականացնելու հիմնական գրավականներից է՝ ասում է Կորյուն Փիրումյանը:
Հրշեջ-փրկարարները անշահախնդիր, մարդկանց օգնելու հանձնառությամբ են իրականացնում ծառայությունը: Արշակ Մելիքջանյանի խոսքով` 2024 թվականի լավագույն հերթափոխին արժանանալը հպարտություն է, նաև՝ պարտավորեցնող. Դիլիջանի անպարագրելի բնության մի անկյունում ծվարած հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները շարունակում են անձնվեր գործունեությունը: