ԼրահոսՏեսանյութերՄիջազգային համագործակցություն

Գործնական քայլեր կամավորական մշակույթի զարգացման ուղղությամբ. Սպիտակի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը շահագործման հանձնվեց

հոկտեմբերի 15 • 11:17, 2025

Գաղափար, որն արդեն իրականություն է. Սպիտակ համայնքի կամավորական հրշեջ-փրկարարական  հենակետը` վերանորոգված ու վերազինված, հոկտեմբերի 10-ին շահագործման հանձնվեց. 2021 թվականին հիմնադրված հենակետը վերանորոգվել է Volfire  ծրագիրի շրջանակում՝ Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական Կարմիր Խաչի ֆինանսավորմամբ։ 

Մեծ Պառնիում տեղակայված կամավորական հրշեջ-փրկարարական  հենակետի բացման արարողությանը ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Ավստրիական Կարմիր Խաչի, Ավստրիական զարգացման գործակալության, Հայկական Կարմիր Խաչի, մարզային և համայնքային իշխանությունների ու հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներ։

Հենակետի  վերազինման գործում ակտիվ մասնակցություն է ունեցել  ՆԳՆ փրկարար ծառայությունը ՝ համայնքին նվիրելով հրշեջ ավտոմեքենա, ինչպես նաև կազմակերպել  է կամավորների վերապատրաստում և որակավորման քննություններ։ Աջակցություն են ցուցաբերել նաև Լոռու մարզապետարանը, Սպիտակի համայնքապետարանն ու  Հայկական Կարմիր Խաչը։

Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյանը  շնորհակալություն հայտնելով կամավորներին և հենակետի վերնորոգման, վերազինման գործում իրենց ներդրումն ունեցող կառույցների ներկայացուցիչներին՝ ընդգծել է կամավորական մշակույթի զարգացման ուղղությամբ գործնական քայլերը։

Ավստրիական Կարմիր Խաչի ծրագրի ղեկավար Թիերի Ժերարը շնորհավորելով  հենակետի կամավորներին՝ նշել է, որ ավստրիական ընկերությունն այս կերպ  աջակցություն է հայտնել Սպիտակ համայնքին։

ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչները որակավորված կամավորներին հանձնել են կրծքանշաններ: 

Փրկարարի որակավորմանն արժանացած կամավորները վարժանքի միջոցով ցուցադրել են ճգնաժամային իրավիճակներում մասնագիտական հմտությունները։

Համայնքներում կամավորական հրշեջ-փրկարարական  ինստիտուտի ներդրումը բնակչության անվտանգության ապահովման, ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման համատեքստում կարևոր քայլ է։