հոկտեմբեր 29 2026
Փլվածք Գաջեգործների փողոցում․ օգնության են հասել փրկարարները (թարմացված)
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։45-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գաջեգործների փողոցում՝ «Աղի լճի» մոտակայքում, կոյուղու համար փորման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցները մնացել են հողազանգվածի տակ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։
Փրկարարները մեկ քաղաքացու դուրս են բերել փլատակներից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է։
Ժամը 14։47-ի սահմաններում փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել մյուս քաղաքացու դին։