ապրիլի 09 • 12:01, 2026
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունում դպրոցականները ծանոթացան ԱԹՍ-ների կիրառմանը փրկարարական ոլորտում
Փրկարարական աշխատանքներում անօդաչու թռչող սարքերի կիրառությունն օրեցօր ընդլայնվում է. դժվարամատչելի տեղանքներում որոնողական աշխատանքներ, բնակչության իրազեկում, տուժածներին անհրաժեշտ պարագաների փոխանցում՝ ԱԹՍ-ները դարձել են արդյունավետ ու անփոխարինելի գործիք։
«ԱԹՍ-ների կիրառումը փրկարարական աշխատանքների ոլորտում» թեմայի շրջանակներում ճանաչողական այցով ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն հյուրընկալվեցին «Գավառի թիվ 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի սաները։
Աշակերտներին ներկայացվեց սարքերի կիրառումը որոնողափրկարարական աշխատանքներում՝ անտառային, լեռնային և ջրային դժվարամատչելի տեղանքներում, ինչպես նաև բնակչության արագ իրազեկման ու տուժածներին անհրաժեշտ պարագաների փոխանցման գործում։ Որպես օրինակ՝ ներկայացվեց ջրահեղձվող քաղաքացուն ԱԹՍ-ի միջոցով փրկօղակ հասցնելու հնարավորությունը։
Պարապմունքի ավարտից հետո աշակերտները գործնականում ծանոթացան ԱԹՍ-ների գործարկման ձևերին ու հնարավորություններին։
Նմանատիպ ճանաչողական միջոցառումները կանոնավոր բնույթ են կրում՝ նպատակ ունենալով երիտասարդ սերնդին ծանոթացնել փրկարարական ժամանակակից տեխնոլոգիաներին ու արտակարգ իրավիճակներում անվտանգ վարքի կանոններին։