ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Միջազգային համագործակցությունՏեսանյութերՊաշտոնական լուրեր

Աղետների ռիսկի կառավարման արդյունավետ համակարգի ձևավորմամբ՝ դիմակայունության բարձրացում. քննարկվել են ԵՄ կողմից աջակցվող դիմակայունության ծրագրի առաջնահերթությունները

հոկտեմբեր 09 2025

ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է ֆրանսիացի փորձագետներից կազմված պատվիրակությանը՝ Մարի Սակեի գլխավորությամբ: Քննարկել են «Հայաստանին աջակցության ծրագիր՝ ԵՄ-ի դիմակայության զարգացում, NDICI-GE ֆինանսավորում 2025–2027 թթ.» ծրագրի իրականացման ընթացքն ու հեռանկարները։ Ծրագրի հիմնական նպատակն աղետների ռիսկի կառավարման արդյունավետ, համապարփակ համակարգի ձևավորմամբ՝ դիմակայունության բարձրացումն է։

Տիգրան Պետրոսյանն ընդգծել է միջազգային գործընկերության կարևորությունը՝ նշելով, որ Ֆրանսիայի նման փորձառու և պատրաստակամ գործընկերոջ աջակցությունը կնպաստի ՆԳՆ Փրկարար ծառայության կարողությունների և կամավորական փրկարարական համակարգի զարգացմանը։

Պատվիրակության ղեկավար Մարի Սակեն իր խոսքում բարձր է գնահատել աղետների ռիսկի նվազեցման, կանխարգելման և բնակչության պաշտպանության ուղղությամբ ՆԳՆ փրկարար ծառայության ջանքերը։

Հանդիպման ընթացքում Փրկարար ծառայության ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են կամավորական հրշեջ-փրկարարական խմբերի ձևավորման, ճգնաժամային կառավարման, արձագանքման կազմակերպման, հոգեբանական աջակցության և բժշկական օգնության տրամադրման, քաղաքացիական պաշտպանության իրականացման, աղետների ռիսկի կանխարգելման և հետևանքների վերացմանն ուղղված մի շարք նախաձեռնություններ։

Աշխատանքային հանդիպումը կարևոր հարթակ էր գնահատելու կարողությունները, քննարկելու կամավորական փրկարարական համակարգի ինստիտուցիոնալացման, ինչպես նաև Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության և ազգային օրենսդրական ու ինստիտուցիոնալ շրջանակում Եվրոպական Միության կողմից աջակցվող ծրագրի գործողությունների ինտեգրման հնարավորությունները։

Քննարկվել են նաև ծրագրի առաջնահերթ ուղղությունները՝ ներառյալ համայնքային և ազգային մակարդակներում ռիսկերի գնահատման բարելավման, մասնագիտական և կամավոր կարողությունների զարգացման, հանրային իրազեկման և պատրաստվածության ամրապնդմանն ուղղված հարցեր։

Կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը, որի հիմնական նպատակը Հայաստանում արագ արձագանքման և աղետների հետևանքների վերացման առավել պատրաստ և դիմակայուն համակարգ ստեղծելն է։