դեկտեմբերի 15 • 17:31, 2025
Պահեստային հատվածում բռնկված հրդեհը մարվել է
Դեկտեմբերի 15-ին, ժամը 15։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող դեղատան պահեստային հատվածում։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի հերթապահ, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիչինայի փողոցի 3-րդ նրբանցքում գտնվող պահեստում (մոտ 500 քմ)․ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։17-ին, մարվել՝ 17։00-ին։ Այրվել են պարարտանյութ (մոտ 6 խմ) և բեռնափոխադրող ամբարձիչը՝ մասամբ։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը պահեստի մնացած հատվածներ։