Փորձի փոխանակում և հմտությունների զարգացում. հրշեջ-փրկարարները մասնակցել են Ֆրանսիայի փորձագետների անցկացրած դասընթացին
հոկտեմբերի 07 • 14:26, 2025
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողները մասնակցել են Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացված «Հրդեհաշիջման մարտավարություն» թեմայով դասընթացին, որը վարում էին Ֆրանսիայի ՆԳՆ քաղպաշտպանության վարչության փորձագետներն․ ներգրավվել էին նաև Կենտրոնի հրահանգիչները:
Տեսական և գործնական պարապմունքների ընթացքում հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողներին ներկայացվել են հրդեհային տարբեր իրավիճակներում հրդեհաշիջման աշխատանքների մեթոդներն ու հմտությունները:
Պարապմունքներն անցել են ինտերակտիվ և պրակտիկ ձևաչափով, ինչի արդյունքում դասընթացի մասնակիցները ստացել են խորքային գիտելիքներ՝ կատարելագործելով մասնագիտական կարողությունները։ Դասընթացի գործնական փուլի ընթացքում Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության անհետաձգելի բժշկական օգնության բաժնի հերթապահ բժիշկը վերահսկել է փրկարարների առողջական վիճակը:
Ֆրանսիայի ՆԳՆ քաղպաշտպանության վարչության փորձագետ Բերնարդ Ժանինի խոսքով՝ դասընթացի նպատակը տարբեր հրդեհային իրավիճակներում, փակ ջերմային ազդեցության գոտում հրդեհաշիջման հմտությունների զարգացումն է՝ կիրառելով ստացած գիտելիքները: Հրշեջ-փրկարարները պատրաստակամությամբ ու բարձր պատասխանատվությամբ են մասնակցել դասընթացին, իսկ փորձի փոխանակման արդյունքում զարգացրել տեսական և գործնական գիտելիքները:
Միջազգային գործընկերների ներգրավմամբ անցկացվող վերապատրաստման դասընթացները ոչ միայն մասնագիտական հմտությունների զարգացման, այլ նաև համագործակցության ընդլայնման հիմք են։