Կոտայքի մարզային փրկարարական վարչության ծառայողները զարգացնում են մասնագիտական գիտելիքները
մայիսի 22 • 12:24, 2026
ՆԳՆ Փրկարար ծառայությունը շարունակում է մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացմանը միտված վերապատրաստումների իրականացնումը։
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի նախաձեռնությամբ մայիսի 18-22-ն անցկացվել է հերթական դասընթացը։
«Ջրային տարածքներում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցում էին Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության ծառայողները։
Հնգօրյա դասընթացը ներառում էր տեսական և գործնական բաղադրիչների համակցում՝ ուղղված ջրային միջավայրում որոնողափրկարարական գործողությունների արդյունավետ կազմակերպմանը։
Դասընթացի շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել գործողությունների կոորդինացմանը, անձնակազմի անվտանգության ապահովմանը, ինչպես նաև տուժածների հայտնաբերման և տարհանման ընթացքում կիրառվող ժամանակակից մեթոդներին։ Կատարագործվել են նաև ջրից դուրս բերված տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու գործնական հմտությունները։
Նմանօրինակ վերապատրաստումները կարևոր նշանակություն ունեն անձնակազմի մասնագիտական հմտությունների կատարելագործման ուղղությամբ՝ ապահովելով արտակարգ իրավիճակներում ծառայողների արագ, օպերատիվ և արդյունավետ արձագանքը։