Աղետներին դիմակայունության կարողությունների զարգացում և համայնք-մասնավոր հատված համագործակցության ամրապնդում․Փոքր Վեդի համայնքում անցկացվել է համալիր ուսումնավարժություն
հոկտեմբերի 17 • 07:02, 2025
Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը, համագործակցելով Արարատի մարզպետի աշխատակազմի, Վեդու համայնքապետարանի և այլ գործընկերների հետ, հոկտեմբերի 14-ին Փոքր Վեդի համայնքում անցկացրել է համալիր ուսումնավարժություն։ Չնայած գործողությունները սցենարային էին, նպատակը իրական էր՝ ամրապնդել արտակարգ իրավիճակներում համայնքի պատրաստվածությունը, կատարելագործել արձագանքման և վերականգնման կարողությունները։
«Ուսումնավարժության թեման Վեդիի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում համայնքի տարածքում բնակչության պաշտպանության կազմակերպումն է։ Ուսումնավարժությունը երկու փուլից է բաղկացած։ Տեսական փուլն իրականացվել է Վեդիի համայնքապետարանում։ Հիմա գործնական փուլն է և իրականացվում է երեխաների ընդունում»,- նշել է ՆԳՆ ՓԾ բնակչության պաշտպպանության և աղետների ռիսկերի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը։
Մասնակցում էին փրկարարական ու վթարավերականգնողական ստորաբաժանումները՝ պատրաստ սցենարային իրավիճակի անսպասելի զարգացման։ Տեղում էր նաև ինժեներական հատուկ տեխնիկան։
Տարհանման տեղամասում բնակիչները նախ գրանցվում էին, հաշվառում առաջնային կարիքները, այնուհետև, ըստ անհրաժեշտության, նրանց տրամադրվում էր հոգեբանական կամ բժշկական օգնություն, իրականացվում էին նաև կենսապահովման անհրաժեշտ գործողություններ։
ՓԾ ՀԱԲԱՎ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչ-հոգեբան Անի Հարությունյանի խոսքով՝ առաջին հոգեբանական օգնություն պարտադիր է տրամադրել թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին, որովհետև առաջին սթրեսածին գործոնները հետագայում կարող են դառնալ ավելի խորքային հոգեբանական խնդիրների պատճառ, ինչպիսիք են տագնապը, վախը, սթրեսը։
Հոգեբանական աջակցության մասնագետները անհատական զրույցների միջոցով գնահատում էին մարդկանց հոգեվիճակը և տրամադրում խորհրդատվություն՝ օգնելով հաղթահարել սթրեսն ու հուզական լարվածությունը։
Համակարգված աշխատանք էին իրականացնում նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության բաժնի աշխատակիցները։
«Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը միշտ աջակցել է և կողմ է հանրապետության համայնքներում նմանատիպ վարժանքների անցկացմանը և միշտ առաջին օգնության և արագ արձագանքման թիմերով ներկա է և ապահովում է առաջին օգնության և արձագանքման գործողությունները»,- նշել է Հայկական Կարմիր խաչի ընկերության Երևանյան մասնաճյուղի Առաջին օգնության բաժնի ղեկավար Վազգեն Բեջանյանը։
ՆԳ նախարարությունը կարևորելով աղետներին դիմակայունության կարողությունների զարգացումն ու համայնք-մասնավոր հատված համագործակցության ամրապնդումը՝ կարևորում է տարբեր մարզերում նման միջոցառումների շարունակական իրականացումը։