ԼրահոսՏեսանյութեր
«Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը» թեմայով դաշտային վարժանք Շիրակի մարզում
հոկտեմբերի 02 • 13:06, 2024
Սեպտեմբերի 24-ից 26-ը Շիրակի մարզում անցկացվեց «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը» թեմայով դաշտային վարժանք, որին մասնակցում էր Շիրակի քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմը:
Վարժանքն իրականացվել է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (ԻՆՍԱՐԱԳ) պահանջներին համապատասխան՝ նպատակ ունենալով բարձրացնել միջազգային առաքելությունների համար նախատեսված քաղաքային որոնողափրկարարական թիմերի պատրաստվածության մակարդակը:
Դաշտային վարժանքը ղեկավարում էր ՓԾ Շիրակի ՄՓՎ պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Արսեն Ադամյանը:
Մինչ վարժանքի մեկնարկը ՆԳՆ ՓԾ աշխատանքային խումբը՝ ՓԾ տնօրենի օգնական Արմեն Գևորգյանի գլխավորությամբ իրականացրեց նախապատրաստական աշխատանքներ՝ մասնակիցներին ուսումնավարժությանը նախապատրաստելու ուղղությամբ:
Ուսումնավարժությանն ընդգրկված էին Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության, Գյումրու թիվ 1 և թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատների ՔՈՓ թիմում ընդգրկված փրկարարական ծառայողները:
Դաշտային վարժանքն անցկացվեց Գյումրի և Ախուրյան համայնքներում: Վարժանքի ընթացքում մասնակիցները, ըստ աշխատանքային տեղամասերի, խաղարկեցին մի շարք միջանկյալներ՝ կատարելով գործնական միջոցառումներ:
Պայմանական աղետի գոտում փրկարարական խմբերի կողմից իրականացվեցին պարանային աշխատանքներ, հետախուզություն, իրավիճակի գնահատում, ամրակապման աշխատանքներ, որոնողափրկարարական աշխատանքներ, տեսակավորման կետի ծավալում, տուժածներին առաջին օգնության ցուցաբերում և տեղափոխում շտապօգնության մեքենա:
Ամփոփելով վարժանքի արդյունքները և մասնակիցների կողմից կատարված աշխատանքները նշվեցին ինչպես առավելությունները, այնպես էլ բացթողումները: Հանձնարարվեց իրականացնել պարապմունքներ, հաջորդ ուսումնավարժությանն առավել արհեստավարժ և գրագետ գործելու համար: