նոյեմբերի 17 • 07:30, 2025
Շիրակի մարզում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն՝ սողանքի վտանգի դեպքում բնակչության պաշտպանությունն ապահովելու նպատակով
Նոյեմբերի 14-ին ՆԳՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությունում կազմակերպվել և անց է կացվել մասնագիտական շտաբային ուսումնավարժություն՝ «Առափիի սողանքի կտրուկ ակտիվացման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով։
Միջոցառման հիմնական նպատակը՝ ստուգել և կատարելագործել մասնակիցների պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներում արագ և արդյունավետ գործելու համար։
Ուսումնավարժությունն անցկացվել է մեկ փուլով, որի ընթացքում մանրամասն քննարկվել են անձնակազմի ազդարարման, հավաքագրման, խնդրադրման, բնակչության տարահանման կազմակերպման, ինչպես նաև որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացման հարցերը։
Ուսումնավարժության ընթացքում իրավիճակը զարգացվել է միջանկյալների միջոցով, ինչը հնարավորություն է տվել մասնակիցներին խորապես վերլուծել հնարավոր սցենարները և փորձարկել իրենց արձագանքման ունակությունները։ Մասնակիցները ներկայացրել են զեկույցներ՝ մանրամասն ցույց տալով Առափիի սողանքի կտրուկ ակտիվացման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման վերաբերյալ իրենց կողմից իրականացվելիք աշխատանքները։
Հարցերի միջոցով բացահայտվել են մասնակիցների կողմից թույլ տրված բացթողումները և տրվել կոնկրետ ցուցումներ դրանց վերացման ուղղությամբ։ Հայտնաբերված թերությունների վերացման նպատակով որոշում է կայացվել մասնագիտական պատրաստության ապագա պարապմունքներում ներառել համապատասխան թեմաներ։
Ուսումնավարժությունը նպաստել է մասնակիցների հմտությունների և ունակությունների զարգացմանը, ինչպես նաև Շիրակի մարզում խոշոր քարաթափումների և սողանքի առաջացման դեպքում գործողությունների պլանի փորձարկմանը։
Շտաբային ուսումնավարժությանն ընդգրկված էին Շիրակի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի և ճգնաժամային կառավարման կենտրոնի ծառայողներ, ինչպես նաև հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներ։
Այս տեսակի շտաբային ուսումնավարժությունները կարևոր դեր են խաղում Փրկարար ծառայության պատրաստվածության բարձրացման և արտակարգ իրավիճակներում բնակչության անվտանգության ապահովման գործում։