Լրահոս

Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ դպրոցականների կարողությունների զարգացման և պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար

մարտի 16 • 15:00, 2026

Գործարկվում է ազդարարման  համակարգը. հնչում է «օդային տագնապ» ազդանշանը։ Աշակերտներն ու ուսուցիչները պատսպարվում են անվտանգ տարածքում, միաժամանակ իրականացվում է դպրոցի շենքի հետախուզություն և իրավիճակի գնահատում։

Հատուկ տակտիկական ուսումնավարժության ժամանակ քայլերի այս հաջորդականությամբ են գործում Երևանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 հիմնական դպրոցի սաները: 

«Ուսումնավարժանքի համար պայմանականորեն ստեղծվել են հրդեհաշիջման, փրկարարական աշխատանքների իրականացման և անհատական պաշտպանության միջոցների ցուցադրման գոտիներ»,- նշել է ՓԾ քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության հարցերով կառավարման մարմինների գործունեության համակարգման բաժնի ավագ հրահանգիչ Տիգրան Դանիելյանը։

Ուսումնավարժությանը նախորդել է մանրամասն պլանավորման փուլը․ քննարկվել են մասնակիցների գործողությունների հաջորդականությունն ու խուճապային իրավիճակների հաղթահարման մոտեցումները։

«Ուսումնավարժության հիմնական նպատակը պատսպարման և հետախուզական գործողություններ իրականացնելիս կազմավորումների գործողությունները կատարելագործելն է »,- նշել է Երևանի Ստեփան Զորյանի անվան թիվ  56 հիմնական դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյանը։

Ուսումնավարժության յուրաքանչյուր փուլ առանձնանում էր իր նշանակությամբ․ սցենարը հնարավորինս մոտարկված էր իրականությանը, որպեսզի աշակերտները տարհանման և փրկարարական գործողությունների ընթացքում կարողանան կիրառել վարքականոնների վերաբերյալ ձեռք բերած գիտելիքները։

«Ուսումնավարժության բոլոր փուլերը փազլի նման կարևոր էին , որովհետև երեխան իր մտքում պետք է փազլի պես հավաքի, թե որ իրավիճակում ինչպես պետք է իրեն դրսևորի»,- նշել է «Հանուն պետականաշինության» իրավապաշտպան, կրթադաստիարակչական ՀԿ նախագահ Մեսրոպ Հովհաննիսյանը։

Ներքին գործերի նախարարությունը կարևորելով արտակարգ իրավիճակներին դիմակայունության հմտությունների զարգացումը՝ առաջնային է համարում տարբեր ուսումնական հաստատություններում  նմանօրինակ վարժանքների պարբերաբար անցկացումը։