մարտի 20 • 16:02, 2026
Անվտանգ համայնք. փրկարարական ծառայողները Գեղարքունիքի մարզում անցկացրել են զրույց-քննարկում և գործնական վարժանք
Անվտանգային մշակույթի ձևավորման, արտակարգ իրավիճակներին արդյունավետ արձագանքման, քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման ուղղությամբ ՆԳՆ Փրկարար ծառայությունը պարբերաբար իրականացնում է տարաբնույթ միջոցառումներ։
Այդ համատեքստում հերթական միջոցառումն են անցկացրել Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ծառայողները:
Փրկարարական ծառայողները Գավառ համայնքում անցկացրել են «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակների կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց-քննարկումներ, ինչպես նաև «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով վարժանքներ:
Ներկայացվել են Գեղարքունիքի մարզին բնորոշ հիմնական ռիսկերը՝ երկրաշարժ, ջրհեղեղ, սողանք, ինչպես նաև տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներ։ Մասնակիցները ծանոթացել են արտակարգ իրավիճակներում վարքագծի կանոններին։ Գործնական վարժանքների ժամանակ իրականացվել են տարհանման և պատսպարման գործողություններ, նաև գործարկվել են էլեկտրական շչակներ։ Մասնակիցները ծանոթացել են ազդարարման ազդանշաններին, նաև իրենց հետաքրքրող հարցերին ստացել սպառիչ պատասխաններ։
Միջոցառումների ընթացքում ընդգծվել է, որ արտակարգ իրավիճակներում ժամանակին ազդարարման, կանոնակարգված տարհանման, պատսպարման վայրերը ճիշտ ընտրելու արդյունքում կարող են մարդկային կյանքեր փրկվել, նյութական կորուստներ նվազել:
ՆԳՆ Փրկարար ծառայության կողմից հանրապետության մարզերում անցկացվող նմանատիպ միջոցառումները շարունակական են՝ ուղղված անվտանգային մշակույթի ձևավորմանն ու արտակարգ իրավիճակներում համակարգված գործողությունների ապահովմանը: