փետրվարի 18 • 08:13, 2026
Հրշեջ-փրկարարական ծառայության արդյունավետության բարձրացմանն ու անձնակազմի հմտությունների զարգացմանն ուղղված դասընթաց Արմավիրի մարզում
Փրկարարների մասնագիտական պատրաստվածության ու արագ արձագանքման կարողությունների շարունակական զարգացումը անվտանգության ապահովման առաջնային խնդիրներից է։ Այդ համատեքստում հետևողականորեն քայլեր են ձեռնարկվում փրկարարների մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործման ուղղությամբ։
ՆԳՆ Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության կողմից Արմավիրի մարզում անցկացված դասընթացն ուղղված էր հրշեջ-փրկարարական ծառայության արդյունավետության բարձրացմանն ու անձնակազմի հմտությունների զարգացմանը։
Երկօրյա ուսումնական գործընթացին մասնակցել են Արմավիրի մարզային փրկարարական վարչության ենթակա հրշեջ-փրկարարական ջոկատները։
«Հրշեջ-մարտավարական տեսական և գործնական պարապմունքներ, հրդեհի վերլուծության իրականացում ու հատուկ տակտիկական ուսումնավարժությունների փաստաթղթերի կազմում» թեմայով դասընթացում ներառված էին հրշեջ-փրկարարական գործունեության առանցքային ուղղությունները՝ հրդեհների զարգացման օրինաչափությունների ուսումնասիրություն, արդի հրշեջ-մարտավարական տեխնիկայի և սարքավորումների կիրառման առանձնահատկություններ, տարբեր տիպի օբյեկտներում հրշեջ-փրկարարական աշխատանքների մեթոդաբանություն և այլն:
Դասընթացի մասնակիցները գործնական պարապմունքների ընթացքում կատարել են հրշեջ-տակտիկական գործողությունների մոդելավորման, թիմային համագործակցության, արագ որոշումներ կայացնելու հմտությունների զարգացման, ինչպես նաև հատուկ իրավիճակներում գործողությունների համակարգման վարժություններ:
Դասընթացի շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվել նաև հրդեհների վերլուծական հաշվետվությունների կազմման չափորոշիչներին, տակտիկական ուսումնավարժությունների նախագծերի մշակմանը, փրկարարական գործողությունների արձանագրման ստանդարտներին և փաստաթղթաշրջանառության արդիականացված մեթոդներին։
Մասնագիտական դասընթացների շարունակական կազմակերպումը նպաստում է արտակարգ իրավիճակներին արագ, համակարգված և արդյունավետ արձագանքելուն, ինչպես նաև բնակչության անվտանգության ապահովման բարձրացմանը։