ԼրահոսՏեսանյութեր

Հրշեջ-փրկարարների մասնագիտական պատրաստվածության նոր որակ․ տեսական գիտելիքից մինչև մարտավարական կատարելագործում

դեկտեմբերի 30 • 09:40, 2025

Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականով 2025 թվականի ընթացքում հանրապետության ողջ տարածքում կազմակերպվել և իրականացվել են հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների անձնակազմի համապարփակ մասնագիտական վերապատրաստումներ, որոնք ուղղված են օպերատիվ արձագանքման, մարտավարական մտածողության և իրական միջավայրում գործելու հմտությունների խորքային կատարելագործմանը։

Վերապատրաստման դասընթացների կազմակերպման նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ՝ ՓԾ տնօրենի օգնական Արմեն Գևորգյանի գլխավորությամբ։ Խմբի կազմում ընդգրկվել են Փրկարարական ուժերի վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փորձառու մասնագետներ՝ անմիջական գործառնական փորձ ունեցող ծառայողներ, որոնք ուսուցումը կառուցել են հենց փրկարարական ծառայողների գործնական պայմաններում իրական աշխատանքային միջավայրից ելնելով։

Դասընթացների առանցքային նպատակը ոչ միայն գիտելիքի փոխանցումն է, այլև անձնակազմի գործառնական կայունության բարձրացումը, ռիսկերի գնահատման կարողությունների զարգացումը, ուժերի և միջոցների օպտիմալ կիրառման, ինչպես նաև միջավայրային փոփոխվող պայմաններում արագ և անվտանգ որոշումներ կայացնելու հմտությունների ձևավորումը։

2025 թվականի փետրվար-մարտ ամիսներին Փրկարարական ուժերի վարչության հետ համատեղ մշակվել է հրշեջ-փրկարարների տեսական և գործնական վերապատրաստման համալիր ծրագիր, որն առանձնացել է ճկուն կառուցվածքով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր մարզի արձագանքման գոտու ռիսկային պրոֆիլը, ենթակառուցվածքների առանձնահատկությունները և տեխնիկական հագեցվածությունը։

Դասընթացները մեկնարկել են մարտ ամսին և շարունակվել մինչև նոյեմբեր՝ ընդգրկելով հանրապետության բոլոր մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատները՝ երկօրյա ինտենսիվ գործնական ձևաչափով։

Դասընթացների ընթացքում անձնակազմը բաժանվել է երեք գործառնական խմբի՝

  • ղեկավար կազմ, որտեղ մշակվել են իրավիճակի կառավարման, մարտավարական պլանավորման և հրամանատարական որոշումների ընդունման հմտությունները,
  • վարորդ-մեխանիկներ, որոնք կատարելագործել են արագ արձագանքման տեխնիկայի շահագործման, տեղակայման և հիդրավլիկ համակարգերի ապահովման հմտությունները,
  • օղակի հրամանտարներ, ավագ հրշեջներ, հրշեջներ, որոնք կենտրոնացել են անմիջական հրդեհաշիջման և փրկարարական գործողությունների վրա։

Դասընթացների ղեկավար Արմեն Գևորգյանի խոսքով՝ թեմատիկ պլանները մշակվել են մոդուլային սկզբունքով՝ ներառելով առաջին օգնության մարտավարական ալգորիթմներ, հրդեհաշիջման ժամանակակից մեթոդներ, փրկարարական գործողությունների սցենարային մոդելավորում, ինչպես նաև հատուկ մշակված ուսուցողական տեսանյութեր՝ «ինչպես գործել», «ինչպես չգործել» սկզբունքով։ Դասընթացի ամբողջ ուսումնական փաթեթը տրամադրվել է ստորաբաժանումներին՝ շարունակական ուսուցման և ներքին վարժանքների իրականացման նպատակով։

Վարժանքները կազմակերպվել են այնպես, որպեսզի յուրաքանչյուր փրկարար իրական ժամանակում կիրառի անհատական պաշտպանիչ միջոցները, աշխատի հրշեջ-փրկարարական տեխնիկական միջոցների, պարանային համակարգերի և այլ մասնագիտական սարքավորումների հետ՝ գործելով թիմային փոխհամաձայնեցվածության պայմաններում։

Դասընթացների եզրափակիչ փուլում իրականացվել են համալիր գործնական պարապմունքներ՝ կիրառելով արագ արձագանքման ավտոմեքենաներ, հրշեջ-փրկարարական հիմնական և հատուկ տեխնիկա, փրփրային հրդեհաշիջման համակարգեր, ինչպես նաև մշակվել են տարբեր տակտիկական մոտեցումներ՝ կախված միջավայրային ռիսկերից։

Առանձնահատուկ կարևորություն է տրվել հրդեհների հետաքննության և վերլուծության թեմային։ Դասընթացների ընթացքում իրականացվել են դեպքերի մանրամասն ուսուցողական վերլուծություններ՝ պատճառահետևանքային կապերի բացահայտմամբ և դասերի ամփոփմամբ։

Հատուկ շեշտադրում է արվել էլեկտրամոբիլների և արևային համակարգերի հրդեհների ժամանակ գործողությունների առանձնահատկությունների վրա, որոնք պահանջում են հատուկ մարտավարություն, երկարատև հսկողություն և անվտանգության խիստ ռեժիմ։

Նոյեմբերի 19-ից Երևան քաղաքում վերապատրաստման դասընթացներն իրականացվել են թվով 13 հրշեջ-փրկարարական ջոկատներում, ինչպես նաև առանձին ինտենսիվ դասընթաց է կազմակերպվել Երևանի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական բաժնի ամբողջ անձնակազմի համար։

Այս վերապատրաստման դասընթացները հրշեջ-փրկարարների համար ոչ թե հերթական ուսումնական գործընթաց են, այլ գործառնական փորձի վերաիմաստավորում՝ ուղղված իրական արտակարգ իրավիճակներում առավել վստահ, համակարգված և անվտանգ գործելուն։ Այստեղ յուրաքանչյուր վարժանք ունի մեկ նպատակ՝ վերադառնալ հերթափոխից անվտանգ, իսկ քաղաքացուն՝ վերադարձնել կյանքին։