հունվարի 16 • 13:57, 2026
Մեկնարկել է որոնողափրկարարական թիմերի ղեկավար կազմի միջազգային չափորոշիչներով վերապատրաստման դասընթացը
Աղետների արագ և արդյունավետ արձագանքման միջազգային ստանդարտների ներդրումը նպաստում է ՆԳՆ փրկարար ծառայողների կարողությունների զարգացմանը։
Հունվարի 15-16-ն ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկած INSARAG չափորոշիչներով վերապատրաստումը միտված էր բարձրացնելու ազգային որոնողափրկարարական թիմերի մրցունակությունն ու պատրաստականությունը՝ միջազգային օգնության ստանդարտներին համահունչ։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունների քաղաքային որոնողափրկարարական թիմերի ղեկավար կազմի համար ՆԳՆ կրթահամալիրում կազմակերպվել և անցկացվել է երկօրյա վերապատրաստում՝ «Քաղաքային որոնողափրկարարական թիմերի ղեկավար կազմի INSARAG չափորոշիչներով EXCON, DISTAFF» թեմայով, որը նպատակ ուներ պատրաստել բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր կկարողանան կազմակերպել և վերահսկել INSARAG միջազգային չափորոշիչներին համապատասխան դաշտային վարժանքներ՝ օգտագործելով ժամանակակից մեթոդաբանություն և լավագույն միջազգային փորձը։
Առաջին օրը մասնակիցները ծանոթացել են աղետների հետևանքով փլուզված բնակավայրերում որոնողափրկարարական աշխատանքների միջազգային արձագանքման համակարգին և դրա հիմնական բաղադրիչներին։ Քննարկվել են INSARAG արտաքին դասակարգման միջազգային չափորոշիչներին համապատասխան քաղաքային որոնողափրկարարական թիմերի կառուցվածքը, հիմնական խնդիրներն ու հնարավորությունները, ինչպես նաև դաշտային վարժանքների կազմակերպման փուլերը և EXCON-ի գործառույթները։
Այնուհետև մասնակիցները զարգացրել են գործնական հմտությունները։ Ուսումնասիրվել են դաշտային վարժանքների կազմակերպման անհրաժեշտ փաստաթղթերը, որակավորման գնահատման մեթոդական ցուցումները, տեղամասերի նախապատրաստման աշխատանքները, գործնականում կիրառվել են ստացված գիտելիքները՝ պլանավորելով դաշտային վարժանք։
Երկօրյա վերապատրաստումը հնարավորություն ընձեռեց ղեկավար կազմին խորացնել գիտելիքները միջազգային ստանդարտների բնագավառում։ Ստացված հմտությունները կնպաստեն ազգային որոնողափրկարարական համակարգի միջազգային մակարդակի բարձրացմանը և INSARAG արտաքին դասակարգման պատրաստականության ապահովմանը։