Լրահոս
մայիսի 25 • 07:58, 2026

Գորիսում և Եղեգնաձորում անցկացվել են «Հաղորդակցման ռիսկեր՝ աղետների և զանգվածային ներհոսքի ժամանակ» թեմայով միջոցառումներ

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ու ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը մայիսի 20-ին Գորիսում և Եղեգնաձորում կազմակերպել էին «Հաղորդակցման ռիսկեր՝ աղետների և զանգվածային ներհոսքի ժամանակ» թեմայով քննարկումներ, որոնց նպատակը արտակարգ իրավիճակներում բնակիչների հաղորդակցական կարողությունները բարձրացնելն ու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատրաստվածությունն ամրապնդելն է։

Փրկարար ծառայողները ներկայացրել են «Բնական և տեխնածին աղետների պատրաստվածություն» թեման՝ անդրադառնալով վարքականոններին ու արձագանքման մեխանիզմներին։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցներն անդրադարձել են միգրացիոն գործընթացներին և հնարավոր ներհոսքերի կառավարման մոտեցումներին։ Ներկայացվել են սցենարային իրավիճակներ, քննարկվել լուծումների տարբերակներ։

Քննարկվել է նաև համայնքներին բնորոշ ռիսկերի շրջանակը․ առանձնակի ուշադրություն է դարձվել այդ համատեքստում արտակարգ իրավիճակների կառավարման առանձնահատկություններին։ ՆԳՆ աշխատակիցները կիսվել են իրենց փորձով, նաև պատասխանել մասնակիցների հարցերին։

Միջոցառումներն իրականացվել են «Հարկադիր ներհոսքի իրավիճակների պատրաստվածություն և արձագանք» ծրագրի շրջանակում։