հուլիսի 24 • 07:12, 2025
Փրկարարների շարունակական մասնագիտական կատարելագործումը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է
Առաջնորդվելով Փրկարար ծառայության գործառույթներից բխող պահանջներով՝ աղետների ռիսկերի նվազեցում, արտակարգ իրավիճակների ժամանակ մարդկանց և նյութական արժեքների փրկություն, աղետի հետևանքների նվազեցում և վերացում, ՆԳ նախարարությունը կարևորում է ոչ միայն փրկարարների շարունակական մասնագիտական կատարելագործումը, այլև այդ առաջընթացի գնահատման հստակ համակարգի առկայությունը:
Այդ նպատակով վերջերս Փրկարար ծառայության Արմավիրի և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ծառայողների համար անցկացվել է հերթական որակավորման գործընթացը, որի շրջանակում ծառայողների մասնագիտական գիտելիքները, գործնական հմտությունները, աշխատանքային փորձը և իրավիճակային կողմնորոշման ունակություններն արժանացել են համակողմանի գնահատման։ Գործընթացն անցկացվել է թափանցիկության, արդարության և օբյեկտիվության սկզբունքների խստագույն պահպանումով՝ մասնագիտական հանձնաժողովի վերահսկողության ներքո։
Որակավորման կարգերի շնորհման այս համակարգը ոչ միայն խթանում է ծառայողների շարունակական ինքնազարգացումը, այլև հանդիսանում է փրկարար ծառայության զարգացման և արդիականացման կարևորագույն քայլ, որը միտված է ստեղծելու առավել պրոֆեսիոնալ, մրցունակ և արձագանքման բարձր արդյունավետությամբ համակարգ։
Որակավորման գործընթացին մասնակցած փրկարարական ծառայողներին շնորհվել են որակավորման դասեր, մի մասի դասերը բարձրացվել են, իսկ որոշ ծառայողներ՝ վերահաստատել իրենց գործող որակավորման դասը։
Ապացուցելով արտակարգ իրավիճակների և աղետների կանխարգելման ու արձագանքման ոլորտում իրենց պատրաստակամությունն ու ունակությունները, Արմավիրի և Սյունիքի մարզերից կամավոր հրշեջ-փրկարարներ ևս մասնակցել են գործընթացին և արժանացել «Փրկարար» որակավորման դասի: