ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
ՏեսանյութերԼրահոս

Կատարելագործվել են միջազգային օգնության համակարգման կարողություններՀայաստանում անցկացվել է ընդունող երկրի աջակցության մեխանիզմի շտաբային վարժանք

հոկտեմբեր 13 2026

Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող EU-RESPOND ծրագրի շրջանակում հոկտեմբերի 5-ին Երևանում տեղի է ունեցել ընդունող երկրի աջակցության մեխանիզմի շտաբային վարժանքի բացման արարողությունը։ 

Մասնակցում էր Եվրոպական Միության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի գործընկեր երկրների ավելի քան 40 ներկայացուցիչ։

«Ծրագիրը մեկնարկել է այս տարվա սկզբին, և Ներքին գործերի նախարարության կրթահամալիրը, որպես ծրագրի մի կողմ, առաջինն է ընդունել վարժանքը։ Ավելի քան 40 մասնակից Հայաստանում են և ստանում են առաջին ցուցումներն այն մասին, թե ավերիչ երկրաշարժի ժամանակ ինչպես պետք է արձագանքել, եթե մեկնում են ընդունող երկիր»,- նշել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալ Արմինե Հայրապետյանը։

«Ընդունող երկրի աջակցությունը միջազգային օգնության ընդունման և կառավարման գործընթացի առանցքային բաղադրիչներից է։ Մենք մոդելավորում ենք միջազգային թիմերի ամբողջ առաքելության ընթացքը՝ Հայաստան ժամանելուց մինչև արձագանքման աշխատանքների համակարգումն ու առաքելության ավարտը»,- նշել է Ընդունող երկրի աջակցության մեխանիզմի շտաբային վարժանքի ղեկավար Քրիստիան Ռեյը։

Ներկայացվել են ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի ինը մոդուլները։ Ընդգծվել է աղետներին արձագանքման գործընթացում ներգրավված շահագրգիռ մարմինների և միջազգային գործընկերների գործողությունների արդյունավետ կազմակերպման ու համակարգման կարևորությունը։

Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջազգային ստորաբաժանման ներկայացուցիչ Ֆրեդերիկ Կարոնի խոսքով՝ «Խոշոր արտակարգ իրավիճակների դեպքում կարևոր է տարբեր երկրներից ժամանող փրկարարական ուժերն արդյունավետորեն ներգրավել արձագանքման ազգային համակարգում։ Դրա համար անհրաժեշտ է շարունակական վերապատրաստման, ստանդարտ գործառնական ընթացակարգերի մշակման և կատարելագործման միջոցով ամրապնդել համակարգի կարողությունները՝ հատկապես Օպերատիվ կառավարման կենտրոնի, միջազգային թիմերի ու շահագրգիռ մարմինների միջև կապն ապահովող պատասխանատուների աշխատանքի ուղղությամբ»։

Սեղանային վարժանքի գործնական փուլում մոդելավորվել են երկրաշարժի հետևանքով աղետի գոտում ստեղծված իրավիճակին արձագանքման գործընթացներ։ Ստանալով հրամանատարների առաջադրանքներն ու իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը՝ մասնակիցները գնահատել են առկա կարիքները և մշակել անհրաժեշտ աջակցության կազմակերպմանն ուղղված գործողությունների տարբերակներ։

Փորձարկվել է Եվրոպական Միության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով Հայաստանին միջազգային օգնություն տրամադրելու դեպքում անհրաժեշտ գործողությունների ամբողջական շղթան՝ օգնության ընդունումից մինչև արձագանքման աշխատանքների ավարտ։

Վարժանքը կարևոր քայլ էր խոշոր աղետների դեպքում միջազգային գործընկերների համագործակցությամբ օպերատիվ և համակարգված արձագանքելու կարողությունների զարգացման ուղղությամբ։