Լրահոս
հուլիսի 25 • 10:56, 2025

Հատուկ տակտիկական ուսումնավարժություն Երևանի թիվ 90 մսուր-մանկապարտեզում

Հուլիսի 24-ին Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության կողմից Երևանի թիվ 90 մսուր-մանկապարտեզում կազմակերպվեց և անցկացվեց «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Հատուկ տակտիկական ուսումնավարժության նպատակն էր. 

  • ստուգել մարտական հաշվարկների օղակների պատրաստվածության աստիճանը՝ իրենց առջև դրված հրշեջ մարտավարական խնդիրների լուծման ուղղությամբ,
  • օժանդակել հրշեջ-փրկարարական խմբերի հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը,
  • կատարելագործել հրշեջ-փրկարարների հմտությունները՝ որոնողափրկարարական, հրդեհաշիջման և վերին հարկերում ստեղծված ծխապատ գոտում հայտնված տուժածներին պատգարակի միջոցով դուրսբերման աշխատանքների իրականացման ժամանակ:

Վարժանքն անցկացվեց մեկ փուլով՝ համաձայն նախապես հաստատված պլանի: Ազդարարման համակարգի և բարձրախոսի միջոցով տրվեց «Հրդեհ» ազդանշանը: Ազդանշանից անմիջապես հետո մանկապարտեզի աշխատակիցները կազմակերպված կերպով իրականացրին երեխաների տարհանումը՝ տեղափոխելով նրանց անվտանգ տարածք։

Պայմանական հրդեհի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն իրականացրին հետախուզություն՝ այդպիսով լուծելով իրենց առջև դրված էր մի շարք կարևոր խնդիրներ: Պարզեցին, թե ինչն է այրվում, ինչ չափերի է հրդեհը, որ ուղղություններով է տարածվում կրակը, ինչպես նաև ուժերի և միջոցների ներգրավման ճանապարհներն ու ուղղությունները՝ հրդեհաշիջման առավել արդյունավետ կազմակերպման համար։ 

Ստուգվեց շենքի վիճակը՝ փլուզման ռիսկը, թունավոր կամ դյուրավառ նյութերի առկայությունը։ Քննարկվեց նաև գույքի տարհանման անհրաժեշտությունը, ինչպես նաև պաշտպանությունը՝ առաջացած ծխից, կրակից ու ջրից։

Մարտական հաշվարկները, հստակ ու համաձայնեցված գործողություններով, հետախուզությանը զուգահեռ իրականացրին մարտական բացազատում։ Մեծ ուշադրություն դարձնելով մարդկանց անվտանգությանը՝ հակածխային օղակները հայտնաբերեցին ծխապատ տարածքներում մնացած պայմանական տուժածներին և պատգարակի միջոցով տեղափոխեցին վերջիններիս անվտանգ վայր, որտեղ բժշկական օղակի կողմից ցուցաբերվեց առաջին օգնություն:

Ուսումնավարժության ավարտին ամփոփվեցին արդյունքները։ Գնահատվեց ինչպես հրշեջ-փրկարարների, այնպես էլ մանկապարտեզի անձնակազմի պատրաստվածությունը՝ արտակարգ իրավիճակներին արձագանքելու ուղղությամբ։ Մատնանշվեցին վարժանքի ինչպես ուժեղ կողմերը, այնպես էլ բարելավման ենթակա կետերը, որոնց ուղղությամբ տրվեցին համապատասխան հանձնարարականներ։ 

Նմանատիպ վարժանքները ոչ միայն նպաստում են փրկարարական կազմավորումների մասնագիտական կարողությունների զարգացմանը, այլև բարձրացնում են հասարակության՝ արտակարգ իրավիճակներում ինքնակազմակերպման ու պատասխանատվության մակարդակը: