դեկտեմբերի 16 • 12:50, 2025
ՆԳՆ փրկարար ծառայությունն անցկացրել է Աղետներին դիմակայունության օրվան նվիրված միջոցառումներ
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հանձնարարականով Փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումները դեկտեմբերի 4-11-ը հանրապետության ողջ տարածքում կազմակերպել և անց են կացրել «Աղետներին դիմակայունության օր» խորագրով միջոցառումներ, որոնց ներգրավված են եղել ինչպես պետական կառույցներ և տեղական ինքնակառավարման մարմիններ, այնպես էլ հանրակրթական, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ և այլ շահագրգիռ կառույցներ:
Միջոցառումների շրջանակներում Երևանում և մարզերում անցկացվել են աշխատաժողովներ, սեմինարներ, գործնական պարապմունքներ՝ միտված աղետների ռիսկի նվազեցմանը, բնակչության պաշտպանության մեխանիզմների ամրապնդմանը և առավել դիմակայուն հասարակության ձևավորմանը:
Նախաձեռնության նպատակն էր հանրության պատրաստվածության բարձրացումը բոլոր մակարդակներում՝ դպրոցներից մինչև համայնքներ՝ հատուկ ուշադրություն դարձնելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում գենդերային խնդիրներին և հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին:
Միջոցառումների հիմնական թեման երկրաշարժի ժամանակ և դրանից հետո վարքականոններն էին․ այդ թվում՝ պաշտպանված վայրերի ճիշտ ընտրություն, տագնապային պայուսակի պատրաստում, տարհանման ուղիների նախապես պլանավորում, առաջին օգնության հմտություններ։
Մասնակիցներին բաժանվել են երկրաշարժի և այլ արտակարգ իրավիճակների ժամանակ վարքականոնների վերաբերյալ թեմատիկ բուկլետներ, ինչպես նաև «Հայաստանին սպառնացող աղետների վերաբերյալ վարքականոնների ուղեցույց» և «Երբ արտակարգ իրավիճակ է» խորագրով գրքույկներ:
Նման միջոցառումները հնարավորություն են տալիս ամրապնդել համագործակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ու բնակչության միջև՝ նպաստելով դիմակայուն հասարակության ձևավորմանը։