Պաշտոնական լուրերՏեսանյութեր

Փրկարարական ստորաբաժանումների մրցունակությունը հիմնված է կուտակված փորձի պարբերական վերլուծության և նորարարական մեթոդների կիրառման վրա․ ՓԾ տնօրենն աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ

ապրիլի 03 • 05:19, 2026

ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ապրիլի 1-ին այցելել է Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Ջերմուկի, Վայքի և Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատներ: 

Արամ Ղազարյանը ծանոթացել է ստորաբաժանումների շենքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանն ու ահազանգերին օպերատիվ արձագանքելու մարտավարությանը։ 

Արամ Ղազարյանը հանձնարարել է ստորաբաժանումների գործունեությունը համապատասխանեցնել Փրկարար ծառայության որդեգրած նոր ռազմավարական մոտեցումներին՝ կարևորելով արդի մարտահրավերներին հակազդելու պատրաստականության և աղետների ռիսկի կառավարման համակարգված, թիրախային միջոցառումների անհրաժեշտությունը։

Այցի ընթացքում Փրկարար ծառայության տնօրենը հետևել է նաև Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական  ջոկատի վարչական նոր շենքի շինարարական աշխատանքների ընթացքին։ 

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում Արամ Ղազարյանն անդրադառնալով անձնակազմի մասնագիտական հմտությունների կատարելագործմանը՝ ընդգծել է տեսական գիտելիքների և գործնական վարժանքների շարունակականության կարևորությունը: Նա վստահեցրել է, որ փրկարարական ստորաբաժանումների մրցունակությունը հիմնված է կուտակված փորձի պարբերական վերլուծության և նորարարական մեթոդների կիրառման վրա, ինչն ուղղակիորեն նպաստում է բարդ իրավիճակներում ճիշտ և արագ կողմնորոշվելուն։ 

Բարձր գնահատելով անձնակազմի կարողություններն ու մասնագիտական պատրաստվածությունը՝ Փրկարար ծառայության տնօրենը շնորհակալություն է հայտնել կատարված ծավալուն աշխատանքի համար։