ԼրահոսՏեսանյութեր

«Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով վերապատրաստման դասընթաց

հունիսի 20 • 08:56, 2025

Հունիսի 9-ից 10-ը ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից 15 փրկարար մասնակցել է Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի կողմից անցկացվող «Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով վերապատրաստման դասընթացին։ 

Դասընթացի նպատակն էր զարգացնել փրկարարների տեսական գիտելիքները և գործնական հմտությունները՝ դժվարամատչելի տեղանքներում հրդեհաշիջման աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:

Դասընթացի տեսական փուլում փրկարարները ծանոթացել են անտառային և բուսածածկ տարածքների հրդեհների իրավական ապահովմանը, ընդհանուր նկարագրին, դրանց առաջացման պատճառներին, ստեղծմանը և հրդեհային անվտանգության կանոններին, ուսումնասիրել՝ անտառային և բուսածածկ այլ  տարածքների հրդեհների դեպքում ինժեներական տեխնիկական միջոցների կիրառումը, հրդեհաշիջման առանձնահակությունները։

Գործնական պարապմունքի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են մարտական հագուստները, դրանց կիրառելիությունը, կառուցվածքային առանձնահատկությունները, ինչպես նաև տարբեր իրավիճակներում վերջիններիս օգտագործման կարգը։

Ուսուցանվողների կողմից իրականացվել են անտառային տարածքում բռնկված պայմանական հրդեհի մարման աշխատանքներ՝ երկու օջախով: Տեղանքի դժվարամատչելիությամբ պայմանավորված՝ ջրամատակարարման գործընթացն ապահովելու նպատակով՝ մոտոպոմպի միջոցով մոտակա գետից ջուրն արտամղվել է պահեստային ջրավազան և այնուհետև դեպի հրդեհի օջախ: Հրդեհաշիջման աշխատանքներում մասնակիցները կիրառել են նաև ուսակիր ջրցան սարքեր և հրդեհաշիջման այլ միջոցներ:

Վերապատրաստման դասընթացը նշանակալի քայլ էր փրկարարների մասնագիտական հմտությունների կատարելագործման ուղղությամբ, ինչն հերթական անգամ ընդգծեց թիմային աշխատանքի, արդյունավետ համակարգման և ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառման կարևոր դերը՝ շրջակա միջավայրի պահպանության և բնակչության անվտանգության ապահովման գործընթացում։

Դասընթացն ավարտելուց հետո բոլոր մասնակիցներին շնորհվել են համապատասխան հավաստագրեր։