Արագ արձագանքումը՝ ՆԳՆ ՓԾ առաջնահերթություն. Լոռիում և Շիրակում անցկացվել են փրկարարների վերապատրաստման դասընթացներ
սեպտեմբերի 30 • 10:45, 2025
ՆԳՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի մասնագետները Լոռու և Շիրակի մարզերում սեպտեմբերի 16-ից 19-ը անցկացրել են «Ճառագայթային, քիմիական, կենսաբանական բնույթի դեպքերին առաջին արձագանքողների համար» մասնագիտական վերապատրաստման դասընթաց։
Տեսական և գործնական դասընթացներին մասնակցել են Վանաձորի և Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատների 34 մասնակիցներ, ովքեր ընդգրկված են ճառագայթային, քիմիական և կենսաբանական արտակարգ իրավիճակներին արձագանքող մասնագիտացված խմբերում։
Վերապատրաստման նպատակն էր բարելավել և զարգացնել Վանաձոր և Գյումրի քաղաքների ՄՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատների ՃՔԿ դեպքերին արձագանքող ստորաբաժանումների մասնագիտական կարողությունները, գործնական հմտությունները և անվտանգ գործունեության մեխանիզմները՝ արտակարգ իրավիճակների պայմաններում։
Դասընթացների արդյունքներով ակնկալվում է բարձրացնել մարզերում գործող փրկարարական ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակը և գործնական արձագանքման ունակությունները՝ բնակչության անվտանգության ապահովման և արտակարգ իրավիճակներին համակարգված և արդյունավետ արձագանքման նպատակով։
Վերապատրաստման արդյունավետությունն ամրապնդելու և արձագանքման կարողությունները բարելավելու նպատակով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գրասենյակի քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային անվտանգության համագործակցության ծրագրի շրջանակներում վերապատրաստված հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներին տրամադրվել են նոր գույք և սարքավորումներ։
ՆԳՆ Փրկարար ծառայությունը շարունակելու է զարգացնել և կատարելագործել առաջին արձագանքողների մասնագիտական պատրաստվածությունն ու տեխնիկական կարողությունները՝ ի նպաստ հանրային անվտանգության ամրապնդման և արտակարգ իրավիճակներին արագ ու արդյունավետ արձագանք ապահովելու։