Լրահոս
նոյեմբերի 21 • 14:56, 2025

Երեխաների անվտանգությունն ու պաշտպանության կազմակերպումը՝ առաջնահերթություն. օբյեկտային վարժանք Վայքի ավագ դպրոցում

Սեյսմիկ գոտում գտնվող կրթական հաստատություններում սովորողների և աշխատակիցների պատրաստվածությունն ու անվտանգության ապահովումը միայն տեսական գիտելիքների հարց չէ. այն պահանջում է կանոնավոր պրակտիկ վարժանքներ, որոնք ճգնաժամային իրավիճակներում կապահովեն առանց խուճապի արձագանքում։

Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի ավագ դպրոցում նոյեմբերի 20-ին անցկացվել է «Ուժեղ երկրաշարժի դեպքում անձնակազմի և աշակերտների պաշտպանության կազմակերպումը» թեմայով օբյեկտային վարժանք:

Դպրոցի տնօրենի ղեկավարությամբ անցկացված միջոցառմանը ներկա էին նաև ՆԳՆ Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչներ։

Վարժանքի հիմնական նպատակն արտակարգ իրավիճակներում դպրոցի անձնակազմի գործնական պատրաստվածությունը գնահատելն ու մարզային փրկարարական վարչության հետ համագործակցությունն ամրապնդելն էր: 

Ըստ սցենարի՝ զինղեկը զգալով ցնցումներ՝ կազմակերպում է անձնակազմի և աշակերտների տարհանում։ Իրավիճակի մասին անմիջապես տեղեկացվում է Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն։ Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ ժամանում են դեպքի վայր և իրականացնում պայմանական տուժածների դուրսբերման և փրկարարական աշխատանքներ։

Վարժանքի ավարտին քննարկվել են արտակարգ իրավիճակների ժամանակ խուճապի կանխման վերաբերյալ հարցեր։ Փրկարար ծառայության ներկայացուցիչները գնահատելով իրավիճակը՝ ներկայացրել են առաջարկություններ, որոնք կնպաստեն տարհանման աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը։

Վայքի ավագ դպրոցում անցկացված վարժանքը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ երեխաների անվտանգությունը չի կարող լինել պատահականության կամ շտապ արձագանքման հարց։ Այն պահանջում է համակարգված մոտեցում, պլանավորում և, ամենակարևորը՝ շարունակական աշխատանք։