ԼրահոսՏեսանյութեր

Ծառայություն, որտեղ ամեն ինչի հիմքում մարդկային կյանքն է. 2024 թվականի լավագույն հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Էմիլ Գաբրիելյան

հոկտեմբերի 21 • 12:02, 2025

Տարիներ առաջ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա ընդունվելը շրջադարձային էր Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Էմիլ Գաբրիելյանի համար։ 2014 թվականին, դեռևս ոչ լիարժեք պատկերացում ունենալով փրկարարի գործունեության մասին, նա առաջին քայլերն արեց մի համակարգում, որտեղ ամեն ինչի հիմքում մարդկային կյանքն էր։ Տարիների բարեխիղճ աշխատանքի արդյունքում Էմիլ Գաբրիելյանը ճանաչվել է 2024 թվականի լավագույն հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար։

Հիշում է՝ ըստ աստիճանակարգության հերթով բոլոր պաշտոններում ծառայել է ու քաջատեղյակ է յուրաքանչյուր ծառայողի հոգեբանությանը, մտահոգություններին։ Իսկ բարդ կանչերը, հատկապես այնպիսիք, որոնք իսկապես դիպել են սրտին, մինչ օրս մնացել են հիշողության մեջ. «Բարդ կանչերից Սուրմալուի, Ձյունիկի, Գազպրոմի պահեստների, «Դոմուսի» հրդեհաշիջմանն եմ մասնակցել։ Յուրաքանչյուր դեպքն էլ իր բարդությունն ունի, ուղղակի կան ավելի բարդ դեպքեր, որոնց մենք պատրաստ ենք ու փորձում ենք այնպես անել, որ հնարավորինս մարդկային կորուստներ չլինեն»:

Հենց այսպես՝ ամենօրյա կարգապահ ու թիմային աշխատանքի, շարունակ կրթվելու և մասնագիտական հմտությունները կատարելագործելու ուղիով ընթանալը տվել է ցանկալի արդյունքներ։ 

Էմիլ Գաբրիելյանը երբեք առաջնորդ չի եղել միայն ըստ կոչման. մշտապես եղել է ջոկատի կողքին՝ այնտեղ, որտեղ ամենաշատն էր անհրաժեշտ։ Վտանգավոր կանչերից մինչև խաղաղ հերթապահություն՝ ամեն մանրուք կարևորվել է, որովհետև վստահությունն առաջանում է հենց այդ մանրուքներից։ Խստապահանջ է եղել նախևառաջ իր հանդեպ, ապա՝ մյուսների։ Ժամանակի ընթացքում նրա շուրջ ձևավորվել է մի թիմ, որտեղ ամեն մեկն իր տեղում է, գիտի՝ ինչ անել և, ամենակարևորը՝ ինչու։ Վստահեցնում է՝ լավագույն հրամանատարը ծառայողի ընկերն է։