հունիսի 13 • 10:56, 2025
Հրշեջ ավտոսանդուղքով աշխատանքներին առնչվող թեմատիկ պարապմունքներ Երևանում
Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը շարունակաբար իրականացնում է հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների մասնագիտական կարողությունների ամրապնդմանն ու կատարելագործմանը միտված միջոցառումներ՝ նպատակ ունենալով բարձրացնել ծառայության արձագանքման արդյունավետությունը և ապահովել քաղաքացիական անվտանգության առավելագույն մակարդակ, ինչի շրջանակում հունիսի 2-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում ՆԳՆ Փրկարար ծառայության կողմից կազմակերպվել և իրականացվել են «Աշխատանքներ բարձրությունների վրա հրշեջ ավտոսանդուղքով» խորագիրը կրող թեմատիկ տեսական և գործնական պարապմունքներ՝ ուղղված հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների մասնագիտական կարողությունների զարգացմանը։
Պարապմունքների հիմնական նպատակն էր Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմի տեսական և գործնական պատրաստվածության ամրապնդումը, ինչպես նաև ավտոսանդուղքի կիրառմամբ բարձրությունների վրա իրականացվող աշխատանքների կազմակերպմանն ու իրականացման հմտությունների կատարելագործմանը։
Դասընթացներին մասնակցած հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմը աչքի է ընկել պատրաստվածությամբ, նախաձեռնողականությամբ և բարձր մասնագիտական պատասխանատվությամբ։
Պարապմունքները ներառել են ինչպես տեսական դասընթացներ, այնպես էլ գործնական վարժանքներ՝ մասնավորապես․
• ավտոսանդուղքով բարձրությունների վրա աշխատելու և աստիճաններով բարձրանալու ու իջնելու հմտությունների կատարելագործում,
• աշխատանք մարտական հանդերձանքով և շնչառական ապարատով,
• բարձրահարկ շենք-շինություններում հրդեհաշիջման աշխատանքների իրականացում։
Նմանօրինակ պարապմունքները կարևոր նշանակություն ունեն հրշեջ-փրկարարների մասնագիտական հմտությունների պարբերական արդիականացման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներին ավելի արդյունավետ արձագանք ապահովելու տեսանկյունից։