սեպտեմբերի 13 • 09:21, 2024
Ասուլիս՝ «ԱՐՄԵՆՊՐԵՍ» լրատվական գործակալությունում. փրկարարական ծառայության մայոր Արթուր Վարդանյանը ներկայացրել է պայթյունների վերաբերյալ վիճակագրություն
«2023 թվականին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ունեցել էինք պայթյունների 42 դեպք, որի հետևանքով ունեցել ենք 6 զոհ, 53 տուժած, իսկ 2024 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ արդեն ունենք 34 պայթյուն՝ 9 զոհով և 39 տուժածներով»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Օպերատիվ հերթափոխերի բաժնի հրահանգիչ, փ\ծ մայոր Արթուր Վարդանյանը։
Նա տեղեկացրեց, որ 34 պայթյունից 24-ը գազի արտահոսքին են վերաբերում, իսկ 2023 թվականին մոտ 30-ն է գրանցված որպես գազի պայթյուն։
Ա. Վարդանյանի խոսքով՝ պայթյունի գրեթե բոլոր դեպքերում արձանագրվել է, որ անվտանգության տարրական պայմանները պահպանված չեն: Նա հայտնեց, որ պայթյունների պատճառը հիմնականում գազի բալոնները և գազի արտահոսքերն են։
Արթուր Վարդանյանը քաղաքացիներին հորդորեց բնակարաններում մշտապես միացված պահել գազի արտահոսք գրանցող սարքերը, փոքր գազաբալոնները երկար միացված չթողնել, քանի որ դրանից հետո արտահոսք է գրանցվում և գազի հոտ զգալու դեպքում ոչ մի դեպքում չծխել կամ հոսանքը չմիացնել, ինչպես նաև կենցաղում, ավտոտրանսպորտը վարելիս և գազալիցքավորման կետերում խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։