ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Լրահոս
մարտ 20 2025

Քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներ են անցկացվել Արմավիրի մարզում

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը և ենթակա ստորաբաժանումները մի շարք ուսումնական հաստատություններում կազմակերպել և անցկացրել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ և դասախոսություններ:  

Մասնավորապես՝ «Հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում տարհանման իրականացումը» և ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ են անցկացվել Մեծամոր համայնքի Ջանֆիդա, Նոր Արմավիր և Առատաշեն, Խոյ համայնքի Ծիածան, Բաղրամյան համայնքի Մյասնիկյան և Դալարիկ բնակավայրերի, Էջմիածին, Արմավիր քաղաքների ուսումնական հաստատություններում, միաժամանակ ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը» թեմայով դասախոսություններ են կազմակերպվել և անցկացվել Էջմիածին քաղաքի, Արմավիր համայնքի Մյասնիկյան, Սարդարապատ և Հացիկ, Փարաքար համայնքի Պտղունք, Մեծամոր համայնքի Բամբակաշատ, Ջրաշեն, Հայկավան և Արմավիր բնակավայրերի մի շարք ուսումնական հաստատություններում: 

Դասախոսությունների ու ուսումնավարժությունների ընթացքում մասնակիցներին տրամադրվել են թեմատիկ բուկլետներ, որոնք նպաստում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների արդյունավետ իրազեկմանը և արտակարգ իրավիճակներում ճիշտ գործելու հմտությունների զարգացմանը։

Վերոնշյալ միջոցառումները նպատակաուղղված են մասնակիցներին ծանոթացնել արտակարգ իրավիճակներում գործելու վարքականոններին, ինչպես նաև զարգացնել անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ՝ արագ և ճիշտ կողմնորոշվելու և հնարավոր վտանգներին պատշաճ դիմակայելու համար։ 

Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների հետևողական իրականացումը նպաստում է արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցմանը, անվտանգության ապահովման հարցերում պատասխանատու մոտեցման ձևավորմանն ու համայնքների պատրաստվածության մակարդակի բարձրացմանը՝ կարևորելով բնակչության իրազեկումն ու պատրաստվածությունը։