Ուսումնական հաստատություններում աղետների ռիսկի կառավարման մշակույթի ձևավորումը դիմակայուն հասարակություն ունենալու երաշխիք է. Փրկարար ծառայությունը Արարատի մարզում դասընթացներ է անցկացրել
դեկտեմբերի 12 • 14:30, 2025
ՆԳՆ Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության նախաձեռնությամբ Արարատի մարզում անցկացվել են «Աղետների ռիսկի կառավարման գործընթացն ուսումնական հաստատություններում» թեմայով դասընթացներ, որոնց նպատակը արտակարգ իրավիճակներին արդյունավետ արձագանքելու ուղղությամբ կրթական հաստատությունների անձնակազմի կարողությունները զարգացնելն էր:
Երկու փուլով անցկացված դասընթացների ժամանակ ոլորտի մասնագետները նշել են, որ աղետների ռիսկի կառավարման գործընթացում առաջնայինը ռիսկերի նվազեցումն է, ինչը հնարավորություն է տալիս առավել արագ և արդյունավետ արձագանքել ցանկացած արտակարգ իրավիճակի։ Ընդգծվել է նաև կանխարգելիչ աշխատանքների կարևորությունը. ճիշտ պլանավորման և համապատասխան պատրաստվածության դեպքում հնարավոր է նվազեցնել անցանկալի հետևանքները։
Ներկայացվել են հրդեհային անվտանգության, երկրաշարժերի, սողանքների և այլ վտանգների կառավարման մեթոդներն ու կանխարգելիչ միջոցառումները։
Դասընթացների մասնակիցներին ներկայացվել են օրենսդրական և ենթաօրենսդրական այն ակտերը, որոնց հիման վրա պետք է ձևավորվեն ուսումնական հաստատությունների՝ աղետների ռիսկի կառավարման պլանները։ Պլանավորման գործընթացն առավել կիրառելի դարձնելու նպատակով տնօրեններին տրամադրվել են գործնական խորհրդատվություններ. ուշադրություն է դարձվել նաև պլանների մատչելիությանն ու հասանելիությանը:
Դասընթացների արդյունքում ձեռք բերված հմտությունները Արարատի մարզի ուսումնական հաստատությունների անձնակազմին հնարավորություն կտան ձևավորելու ավելի անվտանգ ու աղետներին դիմակայելուն պատրաստ կրթական միջավայր։