ապրիլի 07 • 16:07, 2026
Հոգատարություն և իրազեկվածության բարձրացում․ Փրկարար ծառայության հյուրերը տարեցներն էին
Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի հրավերով «Առաքելություն Հայաստան» հասարակական-բարեգործական կազմակերպության սոցիալ-վերականգնողական կենտրոնի բնակիչները հատուկ հյուրեր էին Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչությունում։
Հանդիպումն անցավ ջերմ, բովանդակալից ու վստահության մթնոլորտում։ Հյուրերը ներկայացրին իրենց հուզող հարցերը, որոնց վերաբերյալ ստացան անհրաժեշտ պարզաբանումներ ու խորհրդատվություն հոգեբաններից, բժիշկներից ու ոլորտի մյուս մասնագետներից։
Շնորհակալություն հայտնելով ցուցաբերված ուշադրության, ջերմ վերաբերմունքի և հոգատարության համար՝ հյուրերը կարևորեցին նման նախաձեռնությունների շարունակականությունը։
Հանդիպման ավարտին մասնակիցներին տրամադրվեցին տեղեկատվական նյութեր, որոնք նպաստելու են նրանց իրազեկվածության բարձրացմանը և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու կարողությունների զարգացմանը։