ՏեսանյութերԼրահոսԻրազեկում

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները

փետրվարի 05 • 13:49, 2025

Վիճակագրական տվյալների համաձայն` 2024 թ. Հայաստանում գրանցվել է անտառային 13 հրդեհ՝ նախորդ տարվա համեմատությամբ 40.9 տոկոսով պակաս: 2024 թ. այրվել է 13 հա տարածք՝ նախորդ տարվա համեմտությամբ 79.7 տոկոսով պակաս:

Անտառային հրդեհները լինում են ինչպես մարդածին, այնպես էլ բնական պատճառներով։ Դրանք կարող են մեծ վնաս պատճառել շրջակա միջավայրին, հասարակությանը և տնտեսությանը:

Անտառային հրդեհների վերացման գործընթացը բազմաշերտ գործողությունների համալիր է: Հրդեհները կարող են արագ տարածվել, ինչի պատճառով էլ դժվար է դրանք վերահսկելը:

Հրդեհների վերացման փուլերն են. տարածման կանխումը, մեկուսացումը, մարումը և հսկողությունը:

Կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում արգելվում է` 
- վառել խարույկ արգելված վայրերում,
- լքել անտառը առանց համոզվելու, որ խարույկը մարված է, 
- նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,
- ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում,
- շահագործել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաներ,
- կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից),
- արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ,
- թողնել դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր:

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները․ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարել ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին: