ապրիլի 07 • 07:36, 2026
Մասնագիտական կարողությունների կատարելագործում և անվտանգային մշակույթի ձևավորում․ Փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումներն ամփոփել են մարտ ամսին կատարած աշխատանքը
ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումները մարտ ամսվա ընթացքում անցկացրել են կանխարգելիչ և ուսումնական տարբեր միջոցառումներ։ Դպրոցներ, նախակրթարաններ, արհեստագործական ուսումնարաններ, առողջապահական հաստատություններ, արդյունաբերական ու հասարակական օբյեկտներ․ ահա այն շրջանակը, որտեղ փրկարարական ծառայողներն ամրապնդել են բնակչության՝ արտակարգ իրավիճակներին դիմակայելու կարողությունները։
Հատուկ տակտիկական ուսումնավարժություններն ընդգրկել են մի շարք թեմաներ՝ հրդեհաշիջում ու տուժածներին առաջին բժշկական օգնության ցուցաբերում, տարհանման կազմակերպում, հրդեհապայթյունավտանգ օբյեկտներում փրկարարական աշխատանքներ, գազի արտահոսքի ու հրդեհի բռնկման դեպքերում անհրաժեշտ գործողությունների իրականացում, էլեկտրական ենթակայաններում հրդեհաշիջում։
Անվտանգության վարքականոնների ձևավորման նպատակով ուսումնական հաստատություններում անցկացվել են նաև «Վտանգավոր բնական երևույթների ազդեցության հիմունքները», «Ազդարարման ազդանշանները», «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմաներով դասընթացներ։
Հատուկ թեմատիկ միջոցառումներ են կազմակերպվել Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա շրջանակում։ Մի շարք կրթական հաստատություններում ու հասարակական կազմակերպություններում անցկացվել են պաշտպանական կառույցների ու ազդանշանային համակարգի ծանոթացման միջոցառումներ, որոնք նաև ուղղված են Փրկարար ծառայության ու հասարակության կապի ու փոխվստահության ամրապնդմանը։
Ուսումնավարժություններն ու դասընթացները ոչ միայն բարձրացնում են փրկարարական ծառայողների մասնագիտական պատրաստվածությունը, այլև ձևավորում են անվտանգային մշակույթ։