Լրահոս
մայիսի 12 • 12:18, 2025

Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփում է մարտ և ապրիլ ամիսները

ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը, հավատարիմ լինելով բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանցում արդյունավետ արձագանքման իր առաքելությանը, մարտ և ապրիլ ամիսներին շարունակել է իր պրոֆեսիոնալ պատրաստվածության և իրազեկման մակարդակի բարձրացմանն ուղղված ակտիվ գործողությունները՝ կազմակերպելով և անցկացնելով մի շարք օբյեկտային, շտաբային և հատուկ տակտիկական վարժանքներ և սեմինար պարապմունքներ։

Աշխատանքային պլանի համաձայն՝ ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ծառայողները մի շարք ուսումնավարժություններ են անցկացրել՝ ուղղված ծառայողների և շահագրգիռ կազմակերպությունների աշխատակիցների արտակարգ իրավիճակներում գործելու և՛ տեսական, և՛ գործնական կարողությունները կատարելագործելուն, բնակչությանը պաշտպանելուն և պատշաճ արձագանք ապահովելուն, մասնավորապես՝ «Գործողությունների կազմակերպումը «օդային տագնապ» ազդանշանի դեպքում» և «Անձնակազմի և այցելուների պաշտպանության կազմակերպումն ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմաներով օբյեկտային վարժանքներ են կազմակերպվել և անց կացվել համապատասխանաբար «Արշակունյաց» առողջության կենտրոն և «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերություններում՝ հատուկ ուշադրություն դարձնելով ինչպես բնակչության, այնպես էլ անձնակազմի անվտանգության ապահովմանը։ 

«Անձնակազմի պաշտպանության կազմակերպումը ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն է իրականացվել նաև Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում՝ նպատակ ունենալով զարգացնել գործադիր մարմինների պատրաստակամությունն արտակարգ իրավիճակներում համակարգված գործելու ուղղությամբ։ 

«Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ են անցկացվել մայրաքաղաքի «Դոմուս» խանութ սրահում, «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում,  ինչպես նաև մի շարք կրթական հաստատություններում։ Վարժանքները հնարավորություն են տվել կատարելագործել հրամանատարական կազմի մարտավարական ունակությունները, ուժերի և միջոցների կառավարման կարողությունները, ինչպես նաև մարտական հաշվարկների պատրաստվածության մակարդակը։

Միաժամանակ մի շարք դպրոցներում և մանկապարտեզներում հատուկ-տակտիկական ուսումնավարժություններ են անցկացվել «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով, ինչպես նաև «Հրդեհաշիջումը հյուրանոցային համալիրներում, հրդեհաշիջման սկզբնական միջոցները և դրանց կիրառման ձևերը» թեմայով սեմինար պարապմունք՝ «Անի պլազա հոթել» փակ բաժնետիրական ընկերությունում։

Վերջինիս նպատակն էր բարձրացնել հյուրանոցային կառույցներում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման մակարդակը և կատարելագործել ինչպես ղեկավար կազմի, այնպես էլ այցելուների և սպասարկող անձնակազմի գործնական ունակությունները։

Վերոնշյալ միջոցառումներին մասնակցել է ընդհանուր առմամբ շուրջ 7200 մարդ, ինչը վկայում է հասարակության և կառույցների բարձր ներգրավվածության ու պատրաստակամության մասին՝ արտակարգ իրավիճակներին համապարփակ և արդյունավետ արձագանքելու ուղղությամբ։

Փրկարար ծառայությունը շարունակում է կարևորել բնակչության պաշտպանությունը և արտակարգ իրավիճակներում գործողությունների պատրաստվածության մակարդակի բարձրացումը՝ նմանօրինակ միջոցառումները համարելով ոչ միայն պարբերական, այլև շարունակական բնույթ կրող և ռազմավարական նշանակություն ունեցող աշխատանքային գործընթաց: