Լրահոս
փետրվարի 03 • 14:45, 2026

Բնակչության անվտանգության ապահովումը որպես առաջնահերթություն. Փրկարար ծառայությունն անցկացրել է «Ճանաչենք մեր դպրոցները. անվտանգ մուտք և ելք» խորագրով միջոցառումներ

Կենսական կարևորության կարողությունների զարգացում, արտակարգ իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվելու հմտություն՝ առաջնահերթություններ, որոնք ՆԳՆ Փրկարար ծառայության ուշադրության կենտրոնում են: Ծառայության կողմից պարբերաբար իրականացվում են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, վարժանքներ, սեմինար-դասընթացներ, որոնք նպատակաուղղված են քաղաքացիների պատրաստվածության բարձրացմանը:

Փրկարար ծառայության ուշադրության կենտրոնում է կրթական հաստատություններում անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների անցկացումը:  Այդ համատեքստում հանրապետության դպրոցներում անցկացվել են «Ճանաչենք մեր դպրոցները. անվտանգ մուտք և ելք» խորագրով միջոցառումներ, որոնցում ընդգրկվել են տարահանման ուղիների ճանաչում, անվտանգության կանոնների յուրացում, տարբեր արտակարգ իրավիճակներում ճիշտ վարքագծի հմտությունների ձևավորում և այլ թեմաներ, որոնք ապահովում են տեսական գիտելիքների գործնական կիրառման հմտությունների ձևավորում:

Դասընթացների ընթացքում աշակերտներն ու ուսուցիչները մասնավորապես ծանոթացել են տարհանման սխեմաներին, տարբեր արտակարգ իրավիճակների վերաբերյալ ազդանշաններին, հնարավոր վտանգների առանձնահատկություններին ու դրանց դեպքում անհրաժեշտ գործողություններին և այլն:

Տրամադրվել է նաև «Հայաստանին սպառնացող աղետների վերաբերյալ վարքականոնների ուղեցույց»՝ հնարավոր վտանգների, դրանց կանխարգելման և արտակարգ իրավիճակներում անվտանգության ապահովման վերաբերյալ:

Փրկարար ծառայության մասնագետները համայնքներում կազմակերպել են նաև հանդիպում-զրույցներ բնակիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակների, դրանց հետևանքների նվազեցման, կոնկրետ իրավիճակներում գործողությունների իրականացման և թեմային առնչվող այլ հարցեր: