ԼրահոսՏեսանյութեր

Փրկարարներն անցկացրել են հատուկ տակտիկական ուսումնավարժություն Աբովյանի դրամատիկական թատրոնում

հունիսի 20 • 11:49, 2026

ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները հունիսի 18-ին «Աբովյանի դրամատիկական թատրոն» մշակութային հաստատությունում անցկացրել են «թատրոնի շենքում բռնկված հրդեհի դեպքում հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

Ուսումնավարժության նպատակը օժանդակել հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը և կատարելագործել հրդեհների ժամանակ ուժերի ու միջոցների ղեկավարման ունակությունները ինչպես նաև ստուգել և կատարելագործել փոխհամագործակցությունը Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի և «Աբովյանի դրամատիկական թատրոն» մշակութային հաստատության անձնակազմերի միջև։

Ուսումնավարժության սցենարի համաձայն՝ թատրոնի շենքում պայմանական հրդեհ էր բռնկվել։ Ահազանգի ստացումից հետո դեպքի վայր են մեկնել Աբովյանի հրշեջ- փրկարարական ջոկատի ուժերն ու միջոցները։ Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, հաստատության անձնակազմի կողմից իրականացվել էին մարդկանց տարհանումը և հրդեհաշիջման սկզբնական միջոցներով պայմանական հրդեհի մարման աշխատանքներ։

Իրավիճակը գնահատելուց հետո իրականացվել է մարտական բացազատում, կազմավորվել է գազածխապաշտպան օղակ, կազմակերպվել են հրդեհաշիջման, ինչպես նաև շենքում պայմանականորեն մնացած անձանց որոնման, տարհանման և առաջին օգնության ցուցաբերման աշխատանքներ։

Ուսումնավարժության ընթացքում ստուգվել են անձնակազմերի համագործակցության արդյունավետությունը, ուժերի և միջոցների կառավարման հմտությունները, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում արագ և համակարգված գործելու կարողությունները։

Ամփոփման ընթացքում նշվել է, որ Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմը ցուցաբերել է բավարար պատրաստվածություն, մասնագիտական բարձր հմտություններ և առաջադրված խնդիրների արդյունավետ կատարման կարողություն։ Քննարկվել են նաև ուսումնավարժության ընթացքում արձանագրված առանձին թերությունները, տրվել համապատասխան ցուցումներ՝ դրանք վերացնելու և մասնագիտական կարողություններն առավել կատարելագործելու նպատակով։

Փրկարար ծառայության կողմից պարբերաբար կազմակերպվող նման միջոցառումները կարևոր դեր ունեն արտակարգ իրավիճակներում համակարգված ու արդյունավետ գործողությունների ապահովման, ինչպես նաև փրկարարների մասնագիտական հմտությունների շարունակական զարգացման գործում։