ԼրահոսՏեսանյութեր

Արտակարգ արձագանքման առաջնագծում՝ մասնագիտական պատրաստվածության նոր որակ

մայիսի 29 • 10:10, 2025

Արտակարգ իրավիճակներում արագ և համակարգված արձագանքը վճռորոշ դեր ունի մարդկային կյանքեր փրկելու և պատշաճ կազմակերպված արձագանք ապահովելու համար։ Այս համատեքստում կարևոր նշանակություն ունի արտակարգ ծառայությունների՝ հատկապես 911 ահազանգման կենտրոնի օպերատորների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը։ 

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը, կարևորելով այս առանցքային օղակի դերն արտակարգ իրավիճակների կառավարման համակարգում, մայիսի 12-ից 23-ը կազմակերպել է «Փրկարար ծառայության 911 ծառայողների մասնագիտական ուսուցում, գործողությունների ալգորիթմներ» թեմայով վերապատրաստման դասընթաց՝ նպատակ ունենալով կատարելագործել արտակարգ իրավիճակների շուրջօրյա արձագանքման համակարգի Երևանի և մարզային օպերատորների մասնագիտական կարողությունները, բարելավել արձագանքման արագությունն ու ճշգրտությունը, ինչպես նաև զարգացնել ճգնաժամային իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնելու ունակությունները։

Դասընթացը կառուցվել էր գործողությունների հաստատված ալգորիթմների խորացված ուսումնասիրման, ինչպես նաև իրական իրավիճակներին համապատասխան արագ կողմնորոշման հմտությունների զարգացման վրա։

Վերապատրաստման շրջանակներում ուսուցանվող անձնակազմի հետ քննարկվել են մի շարք կարևոր թեմաներ՝ ներառյալ հոգեբանական խնդիրներ ունեցող քաղաքացիների հետ հաղորդակցման և ճիշտ արձագանքման առանձնահատկությունները։ Յուրաքանչյուր թեմայի ուսումնասիրման ավարտից հետո մասնակիցներն անցել են թեմատիկ թեստավորում, իսկ դասընթացի ավարտին՝ ամփոփիչ թեստ՝ իրենց հմտությունների գնահատման նպատակով։

Քննարկվել են քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության ստեղծումը, միջազգային փորձը, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության համակարգը, որպես աղետների կանխարգելման և կառավարման մեխանիզմ դիտարկելու մոտեցումը։

Զուգահեռաբար մասնակիցները ծանոթացել են ճգնաժամային կառավարման զարգացման ժամանակակից ուղղություններին և ռազմավարական մոտեցումներին, ինչը նպաստում է ծառայությունների շարունակական կատարելագործմանը։

Հատուկ ընդգծվել է այն միտքը, որ օպերատորի աշխատանքը չի սահմանափակվում միայն սահմանված ալգորիթմներով։  Յուրաքանչյուր մասնագետ պետք է կարողանա արագ արձագանքել իրավիճակի առանձնահատկություններին՝ դրսևորելով ճկուն մտածողություն, վստահություն սեփական ուժերի նկատմամբ և բարձր պատասխանատվության զգացում։

Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր՝ որպես վկայություն ձեռք բերած մասնագիտական գիտելիքների և հմտությունների։ Սա կրկին ընդգծեց, որ բարձր պատրաստվածություն ունեցող 911 ահազանգման կենտրոնի օպերատորներն առանցքային դեր ունեն հասարակության անվտանգության ապահովման գործում, քանի որ արտակարգ ծառայությունների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումն ու արձագանքման համակարգի կատարելագործումը կարևոր պայման են՝ արդյունավետ, արագ և վստահելի ծառայության ձևավորման համար՝ ի շահ քաղաքացիների անվտանգ կյանքի։