սեպտեմբերի 26 • 05:30, 2024
ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ներկայացուցիչներին
Սեպտեմբերի 25-ին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի համակարգման և հաղորդակցման մասնագետ Դորիս Մուրոն Կլոֆենստեյնին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի համագործակցության և համակարգման պատասխանատու Արևիկ Անափիոսյանը։
Ողջունելով հյուրերին՝ Կամո Ցուցուլյանը բարձր գնահատեց բազմամյա սերտ համագործակցությունը, շնորհակալություն հայտնեց միջազգային գործընկերներին Փրկարար ծառայության անձնակազմի կարողությունների զարգացման, տեխնիկական աջակցության և արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման բնագավառում շարունակաբար ցուցաբերած օժանդակության համար:
Ներկայացնելով ընթացիկ ծրագրերը և համագործակցության նոր հնարավոր ուղղությունները՝ Կամո Ցուցուլյանը կարևորեց ՄԱԿ-ի խորհրդատվական խմբի՝ ԻՆՍԱՐԱԳ-ի (INSARAG) միջազգային չափանիշներով որակավորված ՀՀ քաղաքային որոնողափրկարարական թիմի գործունեությունը և շեշտեց, որ 2027 թվականին միջազգային որակավորման քննությունները հաջողությամբ հաղթահարելու համար անհրաժեշտ է նորովի շարունակել ոլորտային մասնագիտական խորհրդատվական աջակցության տրամադրումը:
Դորիս Կլոֆենստեյնը, իր հերթին, շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ընդգծեց, որ ակնկալում է ակտիվ համագործակցություն արտակարգ իրավիճակների պլանի մշակման, վերջինիս շրջանակներում՝ աղետների կառավարման և արտակարգ իրավիճակների թիմերի ֆունկցիոնալության վերագնահատման ու վերահաստատման ոլորտներում: Նա նաև գոհունակություն հայտնեց Փրկարար ծառայության պատրաստակամության, օպերատիվ արձագանքման և թիմային աշխատանքի համար:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ճգնաժամային կառավարման, արտակարգ իրավիճակներին արձագանքման, տեղեկատվության կառավարման, վաղ ազդարարման, հանրային իրազեկման և ազդարարման համակարգերի գործարկման ու արագ արձագանքման կազմակերպման, համատեղ վարժանքների անցկացման հետ կապված մի շարք հարցեր:
Կողմերը մտքեր փոխանակեցին տեխնիկական և փորձագիտական աջակցություն տրամադրելու վերաբերյալ և ընդգծեցին հետագա սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ արտակարգ իրավիճակների կառավարման կարողությունների զարգացման ուղղությամբ։